Հաշվեքննիչ պալատը կուսումնասիրի ՊԵԿ-ի ծախսերի կատարման, պարգևավճարների հարցը
ՀՀ հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում Պետական եկամուտների կոմիտեում, պալատը կուսումնասիրի կառույցի ծախսային, այդ թվում՝ պարգևավճարների հարցը: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշների կիրառության վերաբերյալ ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը ներկայացնելիս ասաց Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։
Բագրատյանը հիշեցրեց, որ շատ է խոսվում ՊԵԿ-ում տրվող պարգևավճարների մասին և հետաքրքրվեց, թե պալատը ստուգե՞լ է, որ այդ պարգևավճարներն ուղիղ կապված են աշխատանքի արդյունավետության հետ, ճշտե՞լ են հաշվարկի հիմքերը:
Չիբուխչյանը նախ նշեց, որ ներկայացված հաշվեքննության շրջանակից դուրս է պարգևատրումների հետ կապված հաշվեքննություն իրականացնելը և դրա արդյունքում արդյունավետության գնահատական տալը:
«Սակայն ներկայում ՊԵԿ-ը գտնվում է հաշվեքննության փուլում՝ ոչ միայն եկամուտների ձևավորման, այլ նաև ծախսերի կատարման տեսանկյունից: Եվ, իհարկե, այդ մասով կիրականացվի համապատասխան ուսումնասիրություն՝ ոչ միայն պարգևավճարների մասով, այլև ընդհանուր առմամբ ծախսերի տեսանկյունից»,- ասաց Չիբուխչյանն ու հավելեց՝ համապատասխան եզրակացությունը կներկայացվի: