ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկվել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում հայկական կողմից զիջումների հարց. ԱԳՆ
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է ընթացիկ հարցերի երկկողմ ու բազմակողմ օրակարգի վերաբերյալ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, ըստ որոնց, Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է ԼՂ հակամարտության լուծման, հայկական կողմի զիջումների մասին:
«Պաշտոնական հաղորդագրությունում ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է, թե ինչ է քննարկվել Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցի ժամանակ: Այն բովանդակությունը, որը ներկայացրին որոշ լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները, պարզապես իրականությանը չի համապատասխանում: Սա թերևս լավագույն գնահատականն է «մեր աղբյուրներով» լրատվության արժանահավատությանը: Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել ընթացիկ հարցերին՝ երկկողմ ու բազմակողմ օրակարգի վերաբերյալ», - ասաց նա: