Երևանում 38-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է ավտոլվացման կետի սպասասրահ, կա վիրավոր. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Արտակ Ներսիսյանը Իսակովի պողոտայում իր վարած BMW մակնիշի 85 NA 999 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ գտնվող ավտոլվացման կետի սպասասրահի պատին։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Հետաքննիչի որոշմամբ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։
Վարորդին առաջինը օգնության են հասել ավտոլվացման կետի աշխատակիցները։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։