ՀՀԿ-ի՝ խորհրդարանական մեծամասնություն մնալու հետ կապված խնդիրներ չեմ տեսնում. Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղյակ է, որ կուսակցությունից և խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել պատգամավոր Արթուր Գևորգյանը:
Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե չի ցանկանում մեկնաբանել այդ որոշումը, քանի որ քաղաքական գործընթացներում առաջին անգամ չէ, որ ինչ-որ մեկը դուրս է գալիս խմբակցությունից, մյուսը գալիս է, և այլն:
«Իր որոշումն է, հաշվի առնելով նաև գործընկերային հարաբերությունները՝ որևէ գնահատական չեմ տալիս: Կարծում եմ՝ խմբակցությունը գնահատական կտա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ «ՀՀԿ» խմբակցությունից դուրս գալու որոշմանը, Շարմազանովն ասաց, թե խմբակցությունը միաձայն որոշեց քաղաքական դիրքորոշում արտահայտել ստեղծված վիճակին՝ որոշելով, որ Շիրակ Թորոսյանը պետք է դուրս գա «ՀՀԿ» խմբակցությունից:
«Բացի Շիրակ Թորոսյանի դիմումից, նաև խմբակցությունը նման որոշմամբ հանդես եկավ»,- հավելեց Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովը, խոսելով իրենց խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի մասին, նշեց, թե նախորդ նիստում պատգամավորը խիստ նկատողություն է ստացել, բայց խմբակցությունից հեռացնելու մասին որոշում չկա, թեպետ իր անձնական կարծիքն այն է, որ խմբակցությունում երկակի ստանդարտներ չպետք է լինեն:
ԱԺ փոխխոսնակը չի կարող ասել՝ արդյոք ՀՀԿ շարքերը լքողներ էլի կլինեն, քանի որ գտնում է, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Նա նկատեց, որ առնվազն ՀՀ-ի 26-ամյա պատմությունը ցույց է տալիս, որ կուսակցություն տարբեր մարդիկ գալիս ու գնում են տարբեր պատճառաբանություններով, ինչը, ըստ Շարմազանովի, յուրաքանչյուրի իրավունքն է:
«Ես իմ ապագան պատկերացնում եմ ՀՀԿ-ում, շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին ու հայրենիքին ՀՀԿ-ի կազմում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այս պահին ինքը վտանգ չի տեսնում՝ ՀՀԿ-ի՝ խորհրդարանական մեծամասնություն մնալու հետ կապված:
Դիտարկմանը, որ նույնիսկ կուսակից ընկերներն են բարձրաձայնում ՀՀԿ-ի իշխանության խնդիրների մասին, Շարմազանովն արձագանքեց.
«Մեր իշխանության խնդիրների մասին Սերժ Սարգսյանից ավելի շատ ու ավելի բարձր որևէ մեկը մատնացույց չի արել՝ ապրիլի 18-ին հենց այս դահլիճում: Թող յուրաքանչյուր իշխանություն մեր իշխանության կեսի չափ համարձակություն ունենա և իր բացթողումների մասին խոսի»:
Հարցին, որ բացթողում ընդունելը մի բան է, իսկ պատասխանատվության ենթարկելը՝ այլ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.
«Հենց քաղաքական պատասխանատվությունից՝ ելնելով է, որ ՀՀԿ առաջնորդը հրաժարական տվել: Քաղաքական պատասխանատվությունից ելնելով է, որ ՀՀԿ-ն հնարավորություն է տվել պատգամավորների 1/3 ստորագրություն ունեցող վարչապետի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին, դառնալու ու ընտրվելու վարչապետ: Առանց ՀՀԿ կամքի ու որոշման դուք այսօր վարչապետ չէիք ունենա»:
Շարմազանովը, արձագանքելով դիտարկմանը, որ շատերը ՀՀԿ էին մտնում սեփական հարմարավետության հարցը լուծելով, արդյո՞ք հիմա էլ նույն օրինակն է, ասաց, թե չի ցանկանում մեկնաբանել՝ քաղաքական տոլերանտությունից ելնելով: Նա ճիշտ չի համարում գործընկերներին մամուլով պատասխանելը: