Թուրքական ԶՈւ-ի՝ սիրիական Աֆրինում քուրդ զինյալների դեմ գործողության մեկնարկից առաջ Ռուսաստանն այնտեղից հետ կքաշի իր զինվորներին. Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ի՝ սիրիական Աֆրինում քուրդ զինյալների դեմ ձեռնարկվելիք ռազմական գործողության մեկնարկից առաջ Ռուսաստանն իր զինվորներին հետ կքաշի այնտեղից:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Ջանիքլին նշել է, որ այս քայլը կարվի թուրքական և ռուսական զորքի բախումից խուսափելու համար:
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ձեռնարկվելիք ռազմական գործողության շրջանակում օդային տարածքի օգտագործման հարցի շուրջ Թուրքիան բանակցություններ է վարում Իրանի և Ռուսաստանի հետ:
«Ռուսաստանը պետք է որ դեմ դուրս չգա Աֆրինի գործողությանը, քանի որ մեր պայքարը քրդերի դեմ չէ, այլ ահաբեկչական խմբավորումների»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ ռուսական կողմն Աֆրինում տեղակայված դիտորդական հենակետեր ունի, և Աֆրինի գործողության հետ կապված մի շարք քայլեր իրենք շարունակելու են համակարգել Ռուսաստանի հետ՝ չնայած ոչ բոլոր հարցերում են միակարծիք:
Ըստ թուրքական մամուլում շահարկվող լուրերի՝ Աֆրինում քուրդ զինյալների դեմ գործողությունը սկսելու համար Անկարան սպասում է Մոսկվայի «կանաչ լույսին», որպեսզի կարողանա օգտագործել Սիրիայի օդային սահմանը: