Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել Կարո Եղնուկյանի երեխաները և կինը, ովքեր թռուցիկներ են բաժանել
Հանրապետության հրապարակից Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, այժմ անազատության մեջ գտնվող Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, ինչպես նաև «Հայ կանանց ճակատի» անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։
Այս մասին հայտարարություն է տարածել «Հայ կանանց ճակատ»-ի համակարգող Սյուզան Սիմոնյանը։
Սիմոնյանը հայտնում է, որ նրանց ձերբակալել են հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների ներկայությամբ սփյուռքահայ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս։
Ոստիկանությունից այս առնչությամբ Tert.am-ին հայտնեցին, որ նրանք կոնկրետ ահազանգով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, մանրամասները կհայտնեն լրացուցիչ։