Գյումրու Մադոյան փողոցը հիմնանորոգվում է
Գյումրիում համայնքային բյուջեով այս պահին հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Մադոյան փողոցում: Մոտ 3 հազար քառակուսի մետր նորոգվող տարածքն ընդգրկում է Թումանյան-Գորկի փողոցների միջև ընկած հատվածը: Փողոցի հիմնանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև հունիսի վերջ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
«Միևնույն ժամանակ քաղաքում ընթանում են նաև փոսային նորոգումներ: Ընդգրկել ենք 75 փողոց և հրապարակ: Այս պահի դրությամբ աշխատանքներն ավարտված են 44-ում, 8-ում ընթացքի մեջ են, իսկ մյուսներն՝ ըստ գրաֆիկի: Մենք ուզում էինք ավելի շուտ այս աշխատանքներն ավարտել, սակայն եղանակային պայմանները թույլ չտվեցին շուտ ավարտել: Այն փողոցներում, որտեղ չենք հասցրել փոսանորոգում իրականացնել, ժամանակավոր փոսալցում ենք կատարել, որպեսզի երթևեկությանը չխանգարի»,- նշեց Կնյազ Մանասյանը: Ինչ մնում է քաղաքի ոչ կենտրոնական փողոցներին, պատասխանատուն փաստեց, որ փոսանորոգում իրականացվում է միայն ասֆալտապատ փողոցներում:
Սրանք բոլորը համայնքի բյուջեի հաշվին, իսկ պետական միջոցներով շարունակվում է Ռուսթավելի փողոցի նորոգման աշխատանքը: «Ռուսթավելի փողոցի՝ մինչև Գորկու փողոցի խաչմերուկ հիմնանորոգման շնորհիվ մենք մեծ հնարավորություն կունենանք բեռնաթափելու Գորկու և Սայաթ-Նովայի փողոցները: Բացի այդ, ընթացիկ նորոգումների միջոցով նաև Մազմանյան և Մադոյան փողոցներում ենք փոսանորոգում իրականցրել»,-ավելացրեց պատասխանատուն: