Նալբանդյան. ՀՀ-ն երբեւէ չի քննարկի Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավարության հարցը
Այս մասին ՀՀ ԱԳ նախարարն ասել է այսօր Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, վերադառնալով Բաքու, հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել Ղարաբաղի ինքնավարության հարցը եւ որպես օրինակ բերել Նախիջեւանը՝ ասելով, որ Պետերբուրգում կայացած հանդիպմանը նաեւ այդ մասին են խոսել:
Այսօր նախարար Նալբանդյանն Ալիեւի այդ հայտարարությունը շինծու է անվանել:
Նրա խոսքով, Ադրբեջանն այսօր փորձում է ինչ-որ կերպ իր հանրությանը ցույց տալ, որ այդ պայմանավորվածություններն ի նպաստ իրենց են եղել:
«Չեմ կարծում, որ այդ մոտեցումը օգտակար կարող է լինել բանակցային գործընթացի համար: Ժամանակին հայաշատ Նախիջեւանն այսօր ամբողջովին հայաթափված է, հայկական մշակութային ժառանգությունը` ոչնչացված, եւ դա այսօր օրինակ է բերվում Ադրբեջանի ղեկավարի կողմից որպես հեռանկար Լեռնային Ղարաբաղի համար: Սա այն վառ ապացույցներից է, թե ինչու դա չէր կարող լինել բանակցությունների առարկա ու չի էլ լինի»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:
Նալբանդյանը հիշեցրել է, որ եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշի ԼՂ ժողովուրդը ազատ կամարտահայտության միջոցով, որը կունենա միջազգային իրավական ուժ: