Վիգեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել վրացի պաշտոնյաների հետ
![Վիգեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել վրացի պաշտոնյաների հետ](https://gdb.rferl.org/19EF11C9-8C63-4953-BA45-356831C221A7_cx0_cy8_cw0_w800_h450.jpg)
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող՝ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի և Վրաստանի արտգործնախարար Միխաիլ Ջանելիձեի հետ:
ՊՆ-ի փոխանցմամբ, հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր բնագավառներում համագործակցության ներկա մակարդակն ու զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ըստ հաղորդագրության, կողմերը վերահաստատել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցի, հանդիպել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ: Նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում, հանդիպել թբիլիսահայ համայնքի անդամների, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի կառույցների ղեկավարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: