Հայաստանը Չինաստանի համար վստահելի գործընկեր է. Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հանդիպել է Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանի հետ (խորհրդի նախագահը Չինաստանի նախագահ Սի Ծինփինն է)։
Ըստ նախարարության, Վիգեն Սարգսյանը ներկայացրել է այցի ընթացքում կայացած բանակցությունների մանրամասները՝ նախանշելով պաշտպանական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները։
«Հայաստանն ու Չինաստանը վաղուց և արդյունավետ համագործակցում են բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ նաև պաշտպանական հարցերում։ Մասնավորապես՝ ակտիվ գործակցություն է ծավալված ռազմական կրթության և հումանիտար ոլորտներում։ Բայց ժամանակակից մարտահրավերները պարտադրում են առավել խորացնել համագործակցությունը՝ միասնական ուժերով դրանց դիմակայելու համար։ Հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի վկայություններից մեկը փոխադարձ հավասարակշռված դիրքորոշումն է երկու երկրների համար կարևոր և զգայուն հարցերում։ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության հարցում Չինաստանի հետևողական և կառուցողական դիրքորոշման համար», - ասված է հաղորդագրությունում։
Կողմերը համակարծիք են եղել, որ հայ-չինական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է ջանքեր գործադրել։
Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի գնահատմամբ՝ Հայաստանը Չինաստանի համար վստահելի և անկեղծ բարեկամ ու գործընկեր է։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը՝ երկու բարեկամ երկրների միջև գործակցությունն առավել խորացնելու հարցում։