Հայտնի է դարձել, թե որքան գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
Այս մասին է վկայում ՀՀ ԱՎԾ «Հայաստանում աղքատության և սոցիալական համապատկերը» 2015 թ.–ի հաշվետվությունը:
Հաշվետվության տվյալների համաձայն, Հայաստանում մեկ մարդը միայն սննդի համար ամսական ծախսում է 18 705 դրամ ($39) կամ իր սպառողական ծախսերի մոտ 43,6%-ը` ներառյալ տանից դուրս սնվելը։
Հայաստանում սննդի վրա ծախսերի մասնաբաժինը բավական բարձր է, ավելի բարձր, քան զարգացած երկրներում և նույնիսկ տարածաշրջանի երկրներում:
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության 2014 թ.-ի տվյալներով, սննդամթերքի վրա ամենաքիչ գումարը ծախսում են ամերիկացիները: Այսպես, տանը սնվելու դեպքում ծախսը կազմում է 6,6 տոկոս, մինչդեռ Կանադայում` 9,2 տոկոս, Ավստրալիայում` 9,9 տոկոս: Եվրոպական երկրներում, օրինակ Գերմանիայում, սննդի վրա ծախսերի մասնաբաժինը կազմում է 10,2 տոկոս, Իսպանիայում` 13 տոկոս, Ֆրանսիայում` 13,3 տոկոս, Սլովենիայում` 15 տոկոս, Բուլղարիայում` 18,7 տոկոս և Չեխիայում` 16,2 տոկոս:
Տարածաշրջանի երկրներում, օրինակ` Թուրքիայում, այդ ցուցանիշը կազմում է 21,6 տոկոս, Իրանում` 24,6 տոկոս: Հետխորհրդային երկրներում վիճակագրությունը հետևյալն է. Ռուսաստանում` 28,4 տոկոս, Ուզբեկիստանում` 30,7 տոկոս, Վրաստանում` 32,4 տոկոս, Բելառուսում` 36,9 տոկոս, Ուկրաինայում` 37,7 տոկոս, Ադրբեջանում` 40,7 տոկոս, Ղազախստանում` 43,3 տոկոս:
Սակայն բացարձակ արտահայտմամբ, բնականաբար, ԱՄՆ-ում ավելի շատ գումար են ծախսում սննդամթերքի վրա (տարեկան 2 385 դոլար), քան Հայաստանում (տարեկան 468 դոլար) կամ Ռուսաստանում (2 055,1 դոլար):
Հայաստանի բնակչության ծախսերի բաժնում սննդամթերքին հաջորդում են ծառայությունների ծախսերը, որոնց բաժին է հասնում բոլոր սպառողական ծախսերի 33,6 տոկոսը կամ 11 437 դրամ (մոտ 23,9 դոլար):
Ընդհանուր առմամբ, 2015 թ.–ին մեկ մարդու հաշվարկով սպառողական ծախսերն ամսական կազմում են 42 867 դրամ (89 դոլար), ինչը 55 տոկոսով ավելի է` նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: -0–