Փաշինյանն ասել է, որ Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սարգսյանի հետ
Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Խնդրում եմ արձանագրենք, որ ես ծառայում եմ ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին, հայ ժողովրդին: Ինչ որոշի ժողովուրդը, պարտավորվում ենք այդ որոշումն ի կատար ածել: Միայն թե այդ որոշումը պետք է լինի հստակ, տեսանելի եւ կասկածի տեղիք չտվող եւ առանց բռնության»:
Պատգամավորն անդրադարձել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյիանի հայտարարությանը՝ այն որակելով որպես «տարօրինակ» եւ «ամոթալի»:
«Ցավոք, Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ՝ ասելով, թե այսօր անիմաստ է վերլուծել իրավիճակի պատճառները: Եթե նման հայտարարություն աներ քաղաքագիտության ուսանողը, ես կհասկանայի, բայց առաջին նախագահի անունից նման բան լսելն առնվազն տարօրինակ է: Դա ամոթալի հայտարարություն է: Ինչո՞ւ նա նման բան ասում: Ասելով, որ հիմա պետք չէ վերլուծել պատճառները, նա ասում է, որ պետք չէ նկատել այն, որ Սերժ Սարգսյանը հնարավորինս շուտ պետք է հեռանա իշխանությունից: Ցավոք, Լեւոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղի հարցում այսպես կոչված «Լավրովի պլանն» իրագործելու համար: Դա խայտառակ լուծում է Հայաստանի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդը «թույլ չի տալու ՀՀ-ի եւ Ղարաբաղի կապիտուլացիան»:
Խոսելով ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա եւ հեռանա իշխանությունից:
«Որպես քաղաքական գսրծիչ, որպես ընդդիմադիր գործիչ եւ նախկին քաղաբանտարկյալ՝ Սերժ Սարգսյանի իշխանությոնից հեռանալու հարցը եղել է, կա եւ կմնա իմ քաղաքաական գործունեության դրույթներից մեկը, բայց նրան իշխանությունից հեռացնելու ժամկետների հարցի պատասխանը պետք է տա ժողովուրդը: «Սասնա ծռեր»-ն իրենց գործողություններով ստեղծել են հրատապ անհրաժեշտություն, որ ժողովուրդը պատասխանի այս հարցին: Որքան շատ ժողովուրդը դուրս գա փողոց, այնքան ավելի պարզ կդառնա, թե դա երբ տեղի կունենա»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը հորդորել է հավաքվածներին զերծ մնալ բռնության ցանկացած դրսեւորումներից:
«Ես եղել եմ, կամ եւ լինելու եմ այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ դա պետք է հայ ժողովրդին եւ ՀՀ քաղաքացիներին: Ինչ որոշում կայացնի ժողովուրդը, այն ի կատար է ածվելու: Մեր խնդիրն է գաղափարական, քաղաքակիրթ ճանապարհով պայմաններ ստեղծել ժողովրդի կամարտահայտման համար: Առաջին խնդիրը հիմա այստեղ ՀՀ քաղաքացիների թվի տեսալինեորեն ավելացումն է»,- ասել է Փաշինյանը: