Զենքով ու ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու, հայտարարել է ՀՅԴ-ն
Այս մասին ասված է ՀՅԴ ԳՄ տարածած հայտարարությունում:
«Ով հակառակն է մտածում կամ աջակցում է այդպես մտածողներին, ուղղակի բացառում է ուժեղ, կազմակերպված, ազատ երկիր ունենալու հեռանկարը: Պատրանք ստեղծելով, թե պայքարում են լավ իշխանության, լավ Հայաստանի համար, իրականում ոչնչացնում են Հայաստանը:
Այն պնդումները, թե մեր երկրի ծանր իրավիճակը փոխելու այլ ելք չի մնացել կեղծ են ու մտացածին:
Ելք կա: Բայց այդ ելքը պահանջում է աշխատանք, գիտակից կազմակերպվածություն, ազատ քաղաքացիների համախմբում, հետեւողական պայքար մեզ թուլացնող բոլոր երեւույթների դեմ, ինչի հիմքերը դժվարությամբ, բայց ստեղծվում են:
Հայհոյանքը, թշնամանքը, ատելությունը, բռնությունը, ժողովրդի արդարացի ակնկալիքներն ու դժգոհությունը անտեսելը միշտ պառակտում ու ոչնչացնում են հայության հավաքական ներուժը: Արդյունքում քառօրյա պատերազմից հետո ստեղծված մեր աներեւակայելի համազգային համախմբումը այսօր լրջորեն վտանգված է»,- ասված է հայտարարությունում:
ՀՅԴ ԳՄ-ում նշել են, որ հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո երրորդ հարվածն է հասցվել պետականությանը:
«Վտանգ կա, որ նորից տարիներ ենք կորցնելու, ինչը հղի է ներքին ու արտաքին կյանքում նոր կորուստներով: Չհասկանալ սա, չդատապարտել կատարվածը, նշանակում է ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին:
ՀՅ Դաշնակցությունը ձտգում է իրավիճակի բացառապես խաղաղ հանգուցալուծման, անթույլատրելի է համարում նոր արյունահեղությունը, իրավապահ մարմիններից պահանջում է արհեստավարժություն, պահանջում է հարգել օրինապահ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը, վճռականորեն դատապարտում է պայքարի ոչ քաղաքական մեթոդներն ու ծայրահեղական մտածողությունը:
Մենք կարող ենք եւ ունենալու ենք ուժեղ, ազատ, բարեկեցիկ Հայաստան: Այդ ճանապարհին պարտավոր ենք ձեւավորել եւ նոր որակի իշխանություն»,- հայտարարել է ՀՅԴ ԳՄ-ն: