Հայաստանում առաջին սինդիկացված վարկային գործարքը՝ Firebird AI-ին
Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ վեց ֆինանսական կառույցի միջեւ ստորագրվել է սինդիկացված վարկային պայմանագիր՝ խոշոր տեխնոլոգիական նախագծի ֆինանսավորման նպատակով։
Գործարքի շրջանակում առաջատար բանկերն ու ներդրումային կառույցները միավորվել են՝ «Firebird AI» ընկերությանը տրամադրելու 300 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ սա ներդրում է ոչ միայն Firebird AI ընկերության, այլեւ` Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի, նորարարության, գիտության եւ տնտեսության զարգացման մեջ։
Գործարքը սահմանում է նոր գործնական վարկավորման ձեւաչափ Հայաստանի ֆինանսական շուկայում՝ դառնալով ամենախոշորը թե՛ ֆինանսավորման ծավալով, թե՛ ներդրումների մասշտաբով։ Նախագիծը նպատակ ունի Հայաստանում ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված NVIDIA ընկերության առաջատար տեխնոլոգիական լուծումների վրա։
Ծրագրի առաջին փուլի ընդհանուր ներդրման ծավալը կազմում է մոտ 450 մլն ԱՄՆ դոլար, որի զգալի մասը ապահովվում է վեց ֆինանսական կառույցի («Արդշինբանկ», «Ակբա բանկ», «Էվոկաբանկ», «Ֆասթբանկ», «C-Quadrat Ampega Asset Management Armenia» եւ «Amundi-ACBA Asset Management») համատեղ ֆինանսավորման միջոցով: