Իմաստային ծուղակը Հայաստանի արտաքին քաղաքականության բանավեճում
Իմ լավ բարեկամ՝ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը, մարտի 24-ին հրապարակված իր սյունակում ձեւակերպել է հինգ հարց, որոնց, նրա կարծիքով, հայկական ընդդիմությունը պետք է պատասխանի ներկայիս խորհրդարանական քարոզարշավի ընթացքում՝ հանրությանը՝ հունիսի 7-ի ընտրություններից առաջ ավելի հստակ պատկերացումներ տալու համար։
Բովանդակային դիսկուրսի ակնհայտ պակաս ունեցող քաղաքական միջավայրում բանավեճին որոշակի կառուցվածք հաղորդելու այս փորձը, իհարկե, հասկանալի եւ ողջունելի է։
Սակայն հենց այն պատճառով, որ այդ հարցերը ներկայացվում են որպես «ռացիոնալ», դրանք պետք է քննվեն նույն չափանիշներով։ Այս անդրադարձում ես վիճարկում եմ, որ ներկայացված հարցադրումների ռացիոնալությունը այնքան էլ ակնհայտ չէ, որքան կարող է թվալ։
Իմ քննադատությունը մասամբ հիմնված է վերջին վեց տարիներին դասավանդվող «Արտաքին քաղաքականությունների վերլուծություն» դասընթացի դիտարկումների վրա, որը, ի թիվս այլ բաների, դիտարկում է, թե ինչպես են էլիտայի կողմից խնդիրների ձեւակերպումները, հասարակական կարծիքը եւ վիճարկվող ազգային դերերի վերաբերյալ պատկերացումները փոխազդում՝ ձեւավորելով արտաքին քաղաքական դիսկուրսը եւ, ի վերջո, արտաքին քաղաքականության «հետեւանքները»։
Խնդիրը միայն ներկայացված հարցերի տոնայնությունը չէ, այլ դրանց կառուցվածքը։ Դրանք միայն պարզաբանում չեն պահանջում, այլ նախապես սահմանում են պատասխանների շրջանակը։ Մինչեւ անգամ ընդդիմության արձագանքը, հարցադրումներն արդեն իսկ դասակարգում են հնարավոր պատասխանները՝ «պատասխանատու/անպատասխանատու» եւ «խաղաղամետ/պատերազմամետ» տրամաբանությամբ։ Եվ սա զուտ հռետորական դիտարկում չէ: Ես կփորձեմ ներկայացնել, թե ինչու այս հինգ հարցերի ձեւակերպումը էապես սահմանափակում է բանավեճի դաշտը՝ նույնիսկ նախքան որեւէ իմաստալից քննարկման մեկնարկը:
Գիտական տեսանկյունից սա կարեւոր է, քանի որ պետության արտաքին քաղաքականությունը ոչ միայն արտաքին սահմանափակումները հաշվի առնելով արձագանքների ձեւակերպման մասին է, այլ նաեւ թե ինչպես են էլիտաները պատկերացնում խնդիրները, ձեւակերպում դրանց հնարավոր լուծումները եւ քաղաքական որոշումների իմաստները՝ նախքան դրանց կայացումը։ Հետեւաբար, հարցադրումների ձեւակերպումն ինքնին արդեն էլիտաների կողմից արտաքին քաղաքական ընտրությունների շուրջ պայքարի մաս է, որն ազդում թե՛ ինչի մասին ու ինչպես է հանրությունը մտածում։ Այն կանխորոշում է, թե որ պատասխաններն են ընկալվում լեգիտիմ, որոնք՝ ծայրահեղ, եւ որոնք՝ անիրատեսական՝ նախքան դրանց պատասխանները կհնչեցվեն։
Առաջին խնդիրը այս հինգ հարցերում կեղծ երկընտրանքի առկայությունն է։
Խաղաղության համաձայնագրի հարցը ներկայացվում է այնպես, կարծես ընդդիմությունը կանգնած է միայն երկու տարբերակի առաջ՝ կամ ստորագրել 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ միջնորդությամբ նախաստորագրված փաստաթուղթը, կամ վերսկսել բանակցությունները զրոյից։ Սակայն լուրջ արտաքին քաղաքականությունը հազվադեպ է գործում նման երկակի տրամաբանությամբ։ Բացի այդ, տվյալ փաստաթուղթը դեռեւս նախաստորագրված է, ոչ թե վերջնականապես կնքված, եւ կան փաստեր, որ Ադրբեջանը դրանից հետո առաջ է քաշել լրացուցիչ նախապայմաններ՝ ակնկալելով, որ Հայաստանը կգնա ավելի մեծ զիջումների, նախքան ինքը՝ Ադրբեջանը որեւէ պարտավորություն կիրականացնի: Այլ կերպ ասած, գործարքների նկատմամբ պետությունների հանձնառությունը պայմանավորված է փոխադարձության, հաջորդականության, երաշխիքների կամ իրականանալիության (enforceability) հանգամանքներով: Այսպիսով, նման հարցադրումը ոչ միայն չափազանց պարզեցնում է իրականությունը, այլեւ ընկնում է Ադրբեջանի (բայց ոչ միայն) կողմից լարված «կեղծ երկընտրանքի» թակարդը:
Երկրորդ խնդիրը Հայաստանի թուլության նորմալացումն է։ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը չպետք է մեկնարկի նրանից, թե արդյոք Ադրբեջանի պահանջը տեղավորվում է լեգիտիմ բանակցային գործընթացի շրջանակներում, կամ հնարավոր է արդյոք փոխել ստեղծված իրավիճակը ավելի լավ դիվանագիտական ջանքերով եւ այլն։ Փոխարենը, այն նորմալացնում է այդ պահանջը եւ ավելացնում՝ արդյոք ընդդիմությունը պատրաստ է այն ընդունել, կամ, այլ կերպ ասած, բավականաչափ անխոհեմ է՝ այն մերժելու համար։ Սա ընկալման եւ ձեւակերպման մեծ խնդիր է: Այն բեռը տեղափոխում է պահանջ ներկայացնողից դեպի պատասխանողը։ Դրա արդյունքում՝ այս նախապայմանից հրաժարվելը հետագայում ներկայացվում է որպես հենց խաղաղությունից հրաժարում։ Սա ռացիոնալ հարցադրում չէ, իսկ նման հարցադրման դեպքում պատասխանողը ընկնելու է լարված ծուղակը։
Երրորդ խնդիրը շարունակականության կողմնակալության մասին է (continuity bias), չնայած այստեղ խնդիրը պետք է ավելի ուշադիր ձեւակերպել: TRIPP-ը այս փուլում Հայաստանի եւ ԱՄՆ-ի կողմից ազդարարված քաղաքական նախաձեռնություն է, այլ ոչ հաստատված իրավական պարտավորությունների պայմանագրային փաթեթ։ Նույնիսկ ստորագրված պայմանագրերը կարող են ավելի ուշ սառեցվել կամ վերանայվել՝ կախված արտաքին զարգացումներից, եւ դա նորմալ է։ Ավելի կարեւոր է այն, որ Հայաստանի նման փոքր պետությունը իրականում չունի հնարավորություն պարզապես միակողմանի չեղարկելու գոյություն ունեցող պայմանագրերը մեծ տերությունների հետ, եթե դրանք արդեն ամուր իրավական հիմք ունեն ։ Բացի այդ, հասարակական բանավեճը չի կարելի իջեցնել թատերականացված թեսթի մակարդակի՝ արդյոք ընդդիմությունը պատրաստ է հրաժարվել ԱՄՆ-ի եւ Հայաստանի պայմանավորվածություններից՝ TRIPP-ի շուրջ՝ նույնիսկ եթե դա դեռ խոստում է ընդամենը։ Դա չի կարող լինել ռազմավարություն։ Իրական հարցն այն է, թե արդյոք ընդդիմությունը կարող է ներկայացնել, թե ինչպես պետք է TRIPP-ը, եւ/կամ Հարավային Կովկասում Հայաստանի մասնակցությամբ ցանկացած այլ «կապակցվածության» նախագծերը ապագայում, կառուցվեն այնպես, որ Հայաստանին ապահովի հնարավորինս մեծ ինքնիշխանություն, անվտանգություն եւ զարգացման հեռանկարներ։ Սա է, ինչին պետք է անդրադառնա լուրջ բանավեճը՝ իմ կարծիքով, որպեսզի քննարկում ծավալվի, այլ ոչ մաչոիզմը ցուցադրվի։
Չորրորդ խնդիրը բարեկիրթ տոնայնության եւ ձեռքբերումների միախառնումն է, հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապված հարցերում։ Թուրքիայի կողմից հռետորաբանության մեղմացում առաջընթացի ապացույց չէ եւ բարեկիրթ տոնայնությունը չի կարող փոխարինել էությանը։ Էլիտաները չպետք է գայթակղվեն՝ չեզոք կամ նույնիսկ դրական տոնայնությունը ընկալելով ու ներկայացնելով, որպես ձեռքբերում։ Ըստ IRI-ի հարցումների, եթե 2023 թվականի մարտին Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքը Հայաստանում կազմել է 89%, ներկայիս ցուցանիշը նվազել է մինչեւ 69%՝ հավանաբար ոչ թե Թուրքիայի դիրքորոշման փոփոխության (ինձ նման փաստեր հայտնի չեն), այլ Հայաստանում կառուցվող խոսույթի շնորհիվ։ Անկարայից պարբերաբար հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի նկատմամբ ռազմավարական փոփոխություն իրականում չի եղել։ Հանրային կարծիքի այս փոփոխությունը, հետեւաբար, ավելի շատ արտացոլում է Հայաստանում աճող լավատեսությունը, քան Թուրքիայում փոփոխվող իրականությունը, եւ մասամբ էլիտաների ձախողումը՝ այդ անհիմն լավատեսության համար հակափաստարկներ բերելու հարցում։ Երբ հռետորաբանությունը դիտարկվում է որպես արդյունք, իրական հարցը՝ ինչ է իրականում շահում Հայաստանը եւ ինչ ռիսկեր կարող է առաջացնել հարաբերությունների «նորմալացումը»՝ դառնում է երկրորդային, բայց մի քանի անգամ ավելի վտանգավոր։
Այստեղ դերերի տեսությունը դառնում է հատկապես արդիական: Այս հայեցակարգի հիմնական դրույթներից մեկն այն է, որ պետության դերի մասին գաղափարները անփոփոխ բան չեն. դրանք դառնում են բանավեճի առարկա ինչպես էլիտաների ներսում, այնպես էլ էլիտաների եւ հասարակության միջեւ։ Ինչպես Ք. Ջ. Հոլստին դեռ 1970թ հրատարակված իր աշխատությունում է սահմանել, դրանք «...քաղաքականության մշակողների սեփական սահմանումներն են իրենց պետությանը համապատասխանող որոշումների, պարտավորությունների, կանոնների եւ գործողությունների ընդհանուր տեսակների, ինչպես նաեւ այն գործառույթների, եթե այդպիսիք կան, որոնք իրենց պետությունը պետք է շարունակաբար կատարի միջազգային կամ տարածաշրջանային համակարգերում։ Դա իրենց պետության արտաքին միջավայրի նկատմամբ կամ դրա շրջանակում պատշաճ կողմնորոշումների կամ գործառույթների իրենց «պատկերացումն» է։
Արտաքին քաղաքականության բանավեճերը հաճախ մրցապայքար են, թե ինչպիսի պետություն են պատկերում ու պատկերացնում էլիտաները եւ ինչ դեր պետք է խաղա այդ երկիրը արտաքին հարաբերություններում։ Հայաստանի էլիտաները՝ կառավարությունում եւ ընդդիմությունում, պարտավոր են պարզաբանել եւ հրապարակայնորեն պաշտպանել Հայաստանի ազգային դերի վերաբերյալ իրենց պատկերացումները։ Վերջին ժամանակներս գործող կառավարությունը իր դիրքորոշումը «ազգային դերի» մասին ներկայացրել է պարզ ու հստակ: Իսկ ընդդիմության մեջ գտնվող հակա-էլիտաների դիրքորոշումը դեռեւս բավարար չափով ձեւակերպված չէ։ Այլ կերպ ասած, առաջիկա ընտրապայքարը նաեւ կենտրոնանում է Հայաստանի ազգային դերի շուրջ:
Երկրորդ դասը, այս անգամ արտաքին քաղաքականության մեջ հասարակական կարծիքի ուսումնասիրությունից, ոչ պակաս կարեւոր է։ Հասարակական կարծիքը պարզապես ինքնաբուխ, ներքեւից վերեւ արտահայտում չէ։ Այն շատ հաճախ ձեւավորվում է վերեւից՝ էլիտաների, լրատվամիջոցների եւ նրանց կողմից «օրակարգի սահմանման» միջոցով։ Օրակարգերի նման «ձեւակերպումների» ազդեցությունը բերում է ոչ միայն հանրային կարծիքների անմիջական փոփոխության, այլեւ հանրության կողմից օրինական, իրատեսական եւ լուրջ ուշադրության արժանի հարցերի շրջանակի ընկալման ձեւավորման մեջ։
Այս հինգ հարցերը ընդդիմությունից պարզապես տեղեկատվություն կորզելու նպատակ չեն հետապնդում։ Դրանք դրդում են հանրությանը, եւ սա չափազանցություն չէ, որոշ պատասխաններ ընկալել որպես ողջամիտ, իսկ մյուսները՝ վտանգավոր։ Այս առումով դրանք մասամբ ձեւավորում են հասարակական կարծիքը վերեւից՝ նեղացնելով արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդունելի դիսկուրսի սահմանները։
Ահա թե ինչու են ավելի լավ հարցերը կարեւոր։ Ռացիոնալ հարցը չպետք է նախապես պարտադրի իր նախընտրելի պատասխանի կառուցվածքը կամ էությունը։ Այն պետք է պարզաբանի այլընտրանքները, բացահայտի փոխզիջումները եւ ստիպի քաղաքական գործիչներին հստակեցնել իրենց կողմից կիրառվող չափանիշները։ Այն չպետք է լռելյայն նորմալացնի զիջումները, սահմանի միայն սեւ/սպիտակ դիրքորոշումներ կամ շփոթի փափուկ տոնայնությունը ռազմավարական հաջողության հետ։
Ավելի կտրուկ եւ ավելի ռացիոնալ վերաձեւակերպումները, իմ կարծիքով, մոտավորապես հետեւյալ տեսքը կարող են ունենալ.
1. Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագիրը: Ո՞րն է ձեր պատկերացրած «ճանապարհային քարտեզը», եւ ինչպես պետք է այն իրականացվի, եթե եւ երբ այն ուժի մեջ մտնի:
2. Ադրբեջանն առաջ է քաշել եւ շարունակում է դնել նախապայմաններ «խաղաղության համաձայնագիրը» ստորագրելուց առաջ: Որտե՞ղ է այն «կարմիր գիծը», որից հետո այս նախապայմանները պետք է դադարել կատարել։
3-4. Ի՞նչ դիրքորոշում ունեք TRIPP-ի եւ Հայաստանին առնչվող այլ հաղորդակցությունների նախագծերի վերաբերյալ՝ շարունակականություն, վերանայում, թե՞ դադարեցում: Ազգային շահերի ո՞ր չափանիշները կառաջնորդեն ձեր ընտրությունը՝ ներառյալ ինքնիշխանությունը, անվտանգությունը, տնտեսական օգուտները, կամ այլ չափանիշեր։
5. Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունները (ներառյալ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ հարաբերությունները)։
Այս հարցերը քննարկումը տեղափոխում են խորհրդանշական ազդանշանների հարթությունից ռազմավարական դատողությունների հարթություն։ Դրանք ընդդիմությանը հարցնում են ոչ միայն՝ արդյոք կողմ են, կամ դեմ են տվյալ գործընթացին, այլ ինչպես են նրանք ընկալում գործընթացի տրամաբանությունը, սահմանափակումները եւ պայմանները Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից։ Այդպիսի հարցադրումները ստիպում են ավելի հստակ մտածել իրականացման մեխանիզմների, կարմիր գծերի, հաղորդակցության եւ Հայաստանի լայն արտաքին քաղաքական կողմնորոշման մասին։ Ամենակարեւորը, դրանք հնարավորություն են տալիս էլիտային ու հակաէլիտային ձեւակերպել սեփական արտաքին քաղաքականության տեսլականը, այլ ոչ թե պարզապես արձագանքել դրսից եկող ազդակներին ու հայտնվել դրանց թակարդում։ Սա է ավելի իմաստալից ժողովրդավարական մրցապայքարի նախապայմանը։
Վերջին հաշվով, հիմնական հարցը ոչ թե այն է, թե արդյոք ընդդիմությունը կարող է բավարարող պատասխաններ տալ արդեն ձեւավորված շրջանակում, այլ այն, թե արդյոք Հայաստանի արտաքին քաղաքականության մասին բանավեճը կարող է դուրս գալ այդ նախապես սահմանված՝ դրսից թելադրված ենթադրություններից։ Ժողովրդավարությունը աղճատվում է, երբ քաղաքական ընտրությունը սահմանափակվում է «ընդունելի» դիրքորոշումների կրկնությամբ։ Այն ամրապնդվում է միայն այն ժամանակ, երբ այդ սահմանները մանրակրկիտ քննության են ենթարկվում։ Եթե բանավեճը սահմանափակվում է նախապես ձեւակերպված բինար սկզբունքներով, ապա քաղաքական բազմակարծությունը դառնում է արտաքին եւ ներքին քաղաքական սահմանափակումներ վավերացման գործիք միայն։
Հետեւաբար, անհրաժեշտ է էական, ներէլիտային բանավեճ՝ աշխարհում Հայաստանի տեղի ու դերի վերաբերյալ, որը կպարզաբանի Հայաստանի ռազմավարական շահերը, կներկայացնի իրական այլընտրանքներ եւ կվերականգնի էլիտայի քաղաքական ինքնուրույն դերակատարությունը։
Հովհաննես Նիկողոսյանը քաղաքագիտության թեկնածու է, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին ու չեն արտացոլում Հայաստանում Ամերիկյան համալսարանի կամ որեւէ կառույցի կամ կազմակերպության դիրքորոշումները կամ տեսակետները։