Նախորդ տարվա ապրիլին զինծառայողների սպանության գործով 3 մարդու մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նախաքննությունը պարզել է, որ դեպքի նախորդող օրը նշված զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել լեզվակռիվ, որի ժամանակ հնչեցվել են հայհոյանքներ։ Նույն օրը՝ ժամը 21:00-ին, իրավապահ մարմիններին է ներկայացել ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Դ.Դումիկյանը և հայտնել, թե ինքն է սպանել համածառայակիցներ Գ.Ավետիսյանին և Ս.Արամյանին՝ իրեն ուղղված հայհոյանքների համար վրեժխնդիր լինելու շարժառիթով: Քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Դ.Դումիկյանը կրակոցներ է արձակել միայն Գ.Ավետիսյանի ուղղությամբ՝ նախորդ օրն իրեն հայհոյելու, ինչպես նաև համատեղ ծառայության ընթացքում իրեն պարբերաբար ծաղրելու համար։ Բացի այդ, պարզվել է նաև, որ նույն զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան Ռ.Հակոբյանը և մարտկոցի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ֆ.Հովհաննիսյանը, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, տեղեկացված լինելով Գ.Ավետիսյանի կողմից Դ.Դումիկյանի պատիվ ու արժանապատվությունը պարբերաբար ստորացնելու բազմաթիվ դեպքերի մասին, դրսևորել են անգործություն, չեն կատարել իրենց վրա օրենքով և զինվորական կանոնադրություններով դրված պարտականությունները, չեն հաշվառել նշված դեպքերը և այդ մասին չեն զեկուցել վերադաս հրամանատարությանը:
Դ.Դումիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ռ.Հակոբյանին և Ֆ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:
Սուրեն Արամյանի սպանության մասով նախաքննությունը շարունակվում է: