Մարդկանց մոտ կարծրացած է այն միտքը, որ պատգամավորը տանիք վերանորոգելու և բակ բարեկարգելու համար է. ՀՅԴ թեկնածու
Քարոզարշավի ողջ ընթացքը նորմալ է անցել, ես խոչընդոտների չեմ հանդիպել. Tert.am-ի հետ զրուցում ասաց թիվ 2 ընտրատարածքում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու, լեզվաբան, բ.գ.թ դոցենտ Ռիտա Սաղաթելյանը։
Անդրադառնալով հարցին, թե իր շանսերն ինչպես է գնահատում՝ հաշվի առնելով այն, որ Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում հատկապես Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված են այնպիսի անձինք, որոնք որոշակի առումով մեծ ազդեցություն ունեն այդ համայնքներում, Սաղաթելյանն ասաց, որ իր շանսերը նորմալ է գնահատում։
«Բարեբախտաբար իմ կողքը կանգնած են մարդիկ, որոնք չեն կաշառվում, ձայները չեն վաճառում, այդպիսի մարդիկ բարեբախտաբար մեր ընտրատարածքում, առհասարակ երկրում քիչ չեն»,-շեշտեց նա:
Ռիտա Սաղաթելյանը ընդգծեց, որ թեև ՀՅԴ-ի ընտրացուցակով է առաջադրված, բայց կուսակցության անդամ չէ, դեռ ուսանողական տարիներից հարում է Դաշնակցությանը, ընդունում է գաղափարախոսությունը:
Անդրադառնալով հարցին, թե բնակիչները քարոզարշավի ընթացքում ինչպիսի՞ խնդիրներ են բարձրաձայնել, Ռիտա Սաղաթելյանն ասաց, որ հիմնականում կենցաղային բնույթի:
«Ցավոք, մարդկանց մոտ կարծրացած է այն միտքը, պատգամավորը տանիք վերանորոգելու և ու բակ բարեկարգելու համար է, որպես օրենսդիր մամին ԱԺ-ն չի ընկալվում»,-շեշտեց նա:
Պատգամավորության թեկնածուն ասաց, որ քարոզարշավի ընթացքում խոստումներ չի շռայլում, ընտրվելու դեպքում առաջնային կարևորություն է տալու կրթական ոլորտին, որում առկա են բազմաթիվ բացթողումներ: Նա նշեց, որ չնայած այս ընտրատարածքից է առաջադրվում, խորհրդարանում ուշադրության կենտրոնում փորձելու է պահել նաև մայրաքաղաքից դուրս բնակվողների խնդիրներին: