Ինչով են տարբերվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը. տնտեսագետի անդրադարձը նախընտրական ծրագրերին
Այս ընտրությունների յուրահատկությունն է, թերևս, որ տեղում մարդկանց կարիքները լսելն ու բավարարելը որակվեց որպես ընտրակաշառք ու անթույլատրելի, ինչը փոխարինվեց խնդրանքների ծրարներով։ Այնուամենայնիվ, բավական է վերցնել քաղաքական ուժերի ընտրարշավներից ցանկացած տեսահոլովակ, և ոչ միայն ակնհայտ կերևա խոցելի ընտրազանգվածի՝ «մեծահարուստներին» մոտենալու ցանկությունը, այլև այդ նույն ընտրազանգվածի հակակրանքն այն ուժերի հանդեպ, որոնք չեն բավարարում իրենց կարիքները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ անդրադառնալով ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընդհանրություններին ու տարբերություններին։
- Պարո՛ն Խուրշուդյան, տպավորություն կա, որ մարդիկ այնքան էլ հետաքրքրված չեն քաղաքական ծրագրեր կարդալու հարցում. դրանք բարդ ու ձանձրալի են թվում։ Եթե փորձենք հեշտացնել ընտրողների գործը, ի՞նչ կարելի է առանձնացնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն ու խոստումները համադրելիս։
- Փորձենք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին դասավորել` ըստ առանցքների։
Առաջին հետաքրքիր առանցքը, որ քաղաքական ուժերին 2 խմբի է բաժանում, Եվրասիական տնտեսության հանդեպ վերաբերմունքն է։ Այս առանցքով առանձնանում են «ԵԼՔ»-ը և «Ազատ դեմոկրատները»։ Երկուսն էլ սխալ են համարում ԵԱՏՄ-ին միանալը։ Այս ուժերը, թերևս, եվրոպական տնտեսական զարգացման ուղին են խոստանում, սակայն, եթե Ազատ դեմոկրատները հատուկ շեշտում են ԵԱՏՄ-ից դուրս գալը, խոստանում՝ էականորեն նվազեցնել մաքսատուրքերը, այսինքն, ըստ էության, լիարժեք լիբերալ համակարգի անցնելը, ապա «ԵԼՔ»-ն աշխատում է չշեշտադրել սա՝ շեշտելով ԵԱՏՄ-ին անդամակցելու իրենց՝ անցյալում հրապարակած անհամաձայնությունը՝ որպես իրողություն։ Հետաքրքիր է նաև այս ընթացքում ԵՄ-ի հետ «Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի» նախաստորագրումը, որը նույնպես նախընտրական ուղերձ էր՝ արդեն իշխանության կողմից։
Ենթադրում եմ, որ այս ուղերձների համադրումը կհանգեցնի նրան, որ «Ազատ դեմոկրատները» և «ԵԼՔ» դաշինքը միայն այս գործոնով կստանան ավելի շուտ հակառուսական տրամադրվածություն ունեցողների ձայները, իսկ պրոեվրոպական ձայները ստանալը կախված կլինի այլ գործոններից։
Նմանապես նաև «ՕՐՕ» դաշինքը, չհակադրվելով ԵԱՏՄ-ին, արևմտյան տնտեսական ազատ մոդելից է խոսում։ «ՕՐՕ»-ի յուրահատկությունն է «Հազարամյակների մարտահրավեր» տնտեսական ծրագրում կրկին ընդգրկվելու վերաբերյալ ծրագրային դրույթ ունենալը, որն ԱՄՆ ծրագիր է։ Սա կարելի է համարել պրոամերիկյան նուրբ ուղերձ։
Հաջորդ առանցքը ներմուծեց «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը։ Կարելի է ասել՝ այս դաշինքը միակն է, որ այս առանցքով փորձեց մյուս ուժերից առանձնանալ։ Խոսքն, իհարկե, Արցախյան հակամարտության հանգուցալուծման մասին է։ Շատերն են քննարկում այս առանցքը խաղաղություն-անվտանգություն համատեքստում, սակայն սրա չերևացող տնտեսական կողմն է, որը, կարելի է ասել, էականորեն տարանջատում է «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը «ՀՀԿ» դաշինքից։ Խոսքը դեռևս 1997 թվականին ծագած «Արցախի հակամարտությունն է խանգարում Հայաստանի տնտեսական զարգացմանը» (թվում էր, թե մոռացված) օրակարգի ներմուծումն է նախընտրական պայքար։ Ժամանակին շատ ջուր տարած այս բանավեճը վերադարձավ օրակարգ։ Այսպիսով` ստացվում է, որ բոլոր ուժերը հավատում, ակնարկում կամ էլ խոստանում են Հայաստանի զարգացում՝ անկախ Արցախյան հիմնախնդրի լուծումից, մինչդեռ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը պնդում է հակառակը։ Հայաստանի զարգացման աղբյուրը չի հստակեցվում, սակայն տրվում են խոստումներ՝ Արցախյան հակամարտության լուծումից հետո միջնորդ երկրների ու միջազգային հանրության կողմից ներդրումների իրականացման տեսքով։
Հաջորդ մեծ առանցքն արդեն ականջահաճոն՝ պոպուլիստականն է, որն իր ծավալով գերազանցում է մնացածը։ Սա արդեն մի քանի շերտից է բաղկացած, և յուրաքանչյուր ուժ ինքն է որոշում, թե հասարակության որ հատվածն է իր համար կարևոր ու որի ուղղությամբ խոստումներ շռայլի։ Կախված ընտրազանգվածի տվյալ հատվածի խոցելիությունից՝ (չմոռանանք աղքատության բարձր մակարդակը) խոստումների բնույթը փոխվում է։
ՀՀԿ-ն ծրագրային մակարդակով համեստ է։ Թերևս, որևէ պոպուլիստական բան դժվար գտնվի այնտեղ։ ՀՀԿ-ի ծրագիրը շատ նման է նախարարությունների կողմից կազմված ծրագրային դրույթներին. մասնավորապես՝ նախընտրական ծրագիրն իր կառուցվածքով հիմնականում համընկնում է կառավարության կառուցվածքին, որտեղ յուրաքանչյուր նախարարություն, առաջնորդվելով բյուրոկրատական շահով, աշխատել է նվազագույն խոստումներով հանդես գալ, որ հետո մեծ պատասխանատվության տակ չընկնի։ Թերևս, սրանով են տարբերվում իշխանական ուժերն ընդդիմադիրներից. իշխանություն չունեցողն ավելի շռայլ է իր խոստումներում, որպեսզի գա իշխանության։
Սակայն ՀՀԿ-ն նույն «համեստը» չէ նախընտրական գովազդների ու մեծամասնական հանդիպումների ժամանակ։ Առաջին դեպքում՝ կուսակցությունը քարոզում է մեծ փոփոխություններ (ինչը ծրագրերում չկա), իսկ մեծամասնականի մակարդակով ՀՀԿ-ն պոպուլիստական առանցքով չի տարբերվում հաջորդիվ ներկայացվող պոպուլիստական դրույթներով հանդես եկող ուժերից։ Դրանք են.
ա) Անմիջական օգնության կարիք ունեցողներին ուղղված խոստումներ։
Այս հարթությունում 3 ուժ կարելի է առանձնացնել, որոնց մեջ տարբերություն գտնելը դժվար կլինի՝ «Ծառուկյան» դաշինք, «Հայկական վերածնունդ» և «ՀՀԿ» մեծամասնական ընտրարշավ։
Այս հարթությունում մարդկանց կարիքներն այնքան փոքր են, որ շատ խոստումներ դժվար է նույնիսկ պոպուլիզմ անվանել, ու չի բացառվում դրանց անմիջական, տեղում բավարարումը։
Թերևս, այս ընտրությունների յուրահատկությունն է, որ տեղում մարդկանց կարիքները լսելն ու բավարարելը որակվեց որպես ընտրակաշառք ու անթույլատրելի, ինչը փոխարինվեց խնդրանքների ծրարներով։
Այնուամենայնիվ, կարելի է վերցնել այս ուժերի ընտրարշավներից ցանկացած տեսահոլովակ, և ոչ միայն ակնհայտ կերևա խոցելի ընտրազանգվածի՝ «մեծահարուստներին» մոտենալու ցանկությունը, այլև այդ նույն ընտրազանգվածի հակակրանքն այն մյուս ուժերի հանդեպ, որոնք չեն բավարարում իրենց կարիքները։
բ/ Պոպուլիզմի հաջորդ դրսևորումը եկամուտների աճի մասին խոստումներով է արտահայտվում՝ թոշակների աճ, ամուսնության նպաստ, եկամուտների կտրուկ աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում և այլն։ Պոպուլիզմի չափաբաժինն ու խոստումների շռայլությունն այնքան մեծ է, որ հարց է ծագում, թե ինչ միջոցներ կամ ուղիներ են առաջարկում քաղաքական ուժերը։ Եվ հենց այս հարցի պատասխանն է պարզաջրում, թե տվյալ քաղաքական ուժն ում շահերն է ներկայացնում։ Անհավասարության գործոնով պայմանավորված խոստումները, եթե լիարժեք պոպուլիստական լինեին, պետք է թիրախավորեին հարուստներին (oրինակ՝ բոլշևիկյան շարժման հիմքում կար հստակ թիրախային խումբ՝ կուլակներ, մանր ու խոշոր բուրժուաներ)։
Հայաստանի պարագայում, եթե խոցելի խավին ուղղված պոպուլիզմը հստակ աշխատում է, ապա ինչպես հարցի պատասխանը պոպուլիստական չէ՝ հարուստը հարուստին չի կարող թիրախավորել, դա երևի կլիներ ցինիզմի գագաթնակետը, ինչին դեռևս չենք հասել։ Ներողություն եմ խնդրում այս հանգամանքին մեծ ուշադրություն հատկացնելու համար, ուղղակի սա համարում եմ այս ընտրությունների հետաքրքիր պահերից մեկը, երբ քաղաքական ուժերի պայքարը չբերեց այնպիսի բևեռացման, ինչպիսին ականատես ենք եղել նախկինում։
Այսպիսով, եթե քաղաքական ուժերին դիտարկենք պարզապես այս հարթությամբ, ապա դժվար կլինի նրանց տարանջատել, ուստի փորձենք գտնել այն յուրահատկությունները, որոնցով ուժերն առանձնանում են։ Այսպես, աղքատին խոստանում ենք լիքը բաներ ինչի՞ հաշվին.
Հայկական Վերածնունդ։ Հիմնական խոստումը Խնայբանկի ավանդների վերադարձն է, որի՝ նախկինում իրականացման փաստը հիմք ընդունելով, այն դարձնում են խոստման հիմնական անկյունաքար։ Սրանով թիրախավորվում է կոնկրետ զանգված, սակայն նույն զանգվածին չի ասվում, թե ինչ միջոցների հաշվին է դա արվելու։ Վերջիվերջո, 90-ականների հիպերինֆլյացիան մաշեցրել, զրոյացրել էր այդ խնայողությունները։ Ավելին՝ նույն 90-ականներին շատերն են կորցրել իրենց ավանդները (օրինակ՝ «Արմենի» բանկի ավանդատուները), շատերն էլ ֆինանսական ճգնաժամից հետո դրամի արժեզրկման արդյունքում են ունեցել կորուստներ։ Այս պոպուլիզմը վտանգավոր է՝ հետագայում նաև այդպիսի ավանդների վերադարձի խոստման առումով։ Ու ինչի՞ հաշվին։ Հանրային միջոցների՞։ Թերևս, սոցիալական այլ ծախսերի կրճատման հաշվին վերադարձվեցին նախկին ավանդները, և խոստման հնարավոր իրականացման դեպքում այժմ էլ նույն բանն է տեղի ունենալու. սոցիալական մեկ խավի գումարները կվերցնենք՝ կտանք մյուսներին։ Այստեղ հատուկ ընդգծեմ, որ քաղաքական ոչ մի ուժի կողմից հարկերի բարձրացման խոստում չկա՝ բացառությամբ «Ազատ դեմոկրատների»։
Սա էլ կոչել եմ «Ազատ դեմոկրատների» զավեշտ. մի կողմից՝ հանդես են գալիս որպես լիբերալիզմի ջատագով, մյուս կողմից՝ նրանց առաջարկած շատ քայլեր կարելի է ավելի շուտ կոչել սոցիալական կամ հակալիբերալ, քանի որ հարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում առաջարկում են էականորեն ավելացնել։
«Հայկական վերածնունդը», սակայն, գտել է փողի աղբյուրը՝ նշելով, որ Հայաստանից տասնյակ միլիարդավոր դոլարներ են տարել, ու որ այդ գումարներն իրենք հետ կբերեն։ Ստացվում է՝ մեղավորի անորոշ պատկեր, որը եթե որոշակիացնենք ու հավատանք այն միջազգային կառույցին, որին հղում է անում «Հայկական վերածնունդը», ապա կպարզվի, որ խոսքը հենց այն տարիների մասին է, երբ «Օրինաց երկիրը» իշխանության մաս էր։ Սակայն էականը դա չէ, այլ այն, որ գտնվել է անորոշ թշնամի, որին հաղթելով կլուծենք աղքատներին տրված խոստումը։
«Փող բերելու» հաջորդ խոստումը ներդրումների մասով է։ Այս գիծը սկսեց «ՀՀԿ»-ն, որից չփորձեց անմասն չմնալ «Ծառուկյան» դաշինքը։ Վերջինիս խոստացած միլիարդների մասին ավելի լավ է կարծիք չհայտնեմ։
Մինչև հեռանկարային պոպուլիզմի խոստումներին անցնելը՝ նշեմ, որ քաղաքական ուժերի ծրագրերում բավական շատ են միևնույն դրույթները, որոնք չեմ առանձնացնի, քանի որ դրանցով այս ուժերի յուրահատկությունը չի երևում։ Մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարը կա բոլորի, այդ թվում՝ իշխանության մոտ, մենաշնորհների վերացումը կգտնենք «ՀՅԴ»-ի, «ՕՐՕ-ի» ու մյուսների մոտ։ Փոքր բիզնեսին հարկերից ազատելը, արտոնյալ պայմանները, բիզնեսին աջակցելն ու տասնյակ նման դրույթներ քաղաքական ուժերին ավելի շուտ միավորում են, քան տարանջատում։ Օրինակ՝ «ԵԼՔ» դաշինքն ու «ՀՀԿ»-ն համատեղ հանդես են գալիս՝ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը կարևորություն տալով, «ՕՐՕ»-ն և «ՀՅԴ»-ն կարող են համագործակցել բնությանը վնաս չհասցնելով հանքահումքային ոլորտում տնտեսության զարգացում խոստացող առաջարկներով։ Սա էլ է զավեշտ՝ հաշվի առնելով այն, թե որ ուժն է այսօր պատասխանատու բնապահպանության համար։ Բայց, եթե քաղաքական ուժերը մտնեն ԱԺ ու հետագայում փորձեն ծրագրային հարցերի շուրջ համագործակցել, ապա, կարելի է ասել, հաջորդ Ազգային ժողովը պետք է, որ ամենահամերաշխը լինի՝ ելնելով ծրագրային դրույթներից։
- Պարո՛ն Խուրշուդյան, իսկ ո՞ր հարցերում համերաշխ չեն քաղաքական ուժերը։
- Արդեն իսկ նշեցի, թե ով ում շահն է պաշտպանում։ Իմ դիտարկմամբ՝ «ՀՀԿ»-ն, «Ծառուկյան» դաշինքը և «Հայկական վերածնունդը», միանշանակ, առկա կոնյուկտուրայի, մասնավորապես՝ հարուստների շահերի պաշտպանն են։ Սակայն, միաժամանակ, մյուս ուժերից ոչ մեկն էականորեն չի հակադրվել այս շահերին։ Ահա այս առանցքն է, որ ընդգծվում է։ «Ազատ դեմոկրատները» կարող են առաջ քաշել պրոգրեսիվ հարկավորման գիծը՝ իրենց շուրջ համախմբելով մյուս ուժերին։ «ԵԼՔ» դաշինքի դեպքում ակնհայտ է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի շահերի պաշտպանությունը։ Առաջին նախադեպն ենք, կարծես, ունենում, երբ բիզնես հատվածը կոնկրետ քաղաքական լոբբինգով է զբաղվում, ինչը ողջունելի է և ավելի ազնիվ։
Խոստումների հաջորդ շարքը մի կողմից ինձ ուրախացնում է, մյուս կողմից՝ տխրեցնում։ Խոսքը վերաբերում է վարկերին ու տոկոսադրույքներին կատարվող անդրադարձին։ Եթե բանկը վարկավորել է անհատին, ֆերմերին կամ տնտեսվարողին, ուրեմն կա բիզնես կամ եկամուտ։ Իհարկե, վարկի բեռը ծանր է՝ մանավանդ ֆինանսական ճգնաժամից հետո, և այդ ծանրությունը հաշվի առնելով էլ քաղաքական ուժերը՝ հատկապես «Ծառուկյան» դաշինքը, «Ազատ դեմոկրատները» և «ՕՐՕ»-ն առանձին տողով խոսում են այդ ծանրությունը նվազեցնելու մասին։
Սա պոպուլիզմ է՝ ուղղված արդեն իսկ կայացած ընտրազանգվածին. ընտրազանգված, որ ունի աշխատանք և մտահոգված է դրա դիմաց վճարվող տոկոսներով։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որ մենք արդեն իսկ ունենք ավելի պրոգրեսիվ ընտրազանգված, որ ազատվում ենք կլիշեավորված «ինտելեգենցիայից», առաջադեմ ընտրազանգված, որ գիտակցում է, որ Հայաստանի տնտեսությունն արդեն իսկ քաղաքական գործոն է։
Սա մի զարգացում է, որ քչերն են նկատում, իսկ ես ցանկանում են կարմիր գծով առանձնացնել՝ այս ընտրազանգվածն է դառնալու ապագա քաղաքական որոշիչը։ Սա ո՛չ գործազուրկ ինտելիգենտն է, ոչ էլ ընտրակաշառքին կարոտ խիստ խոցելի խավը։ Սակայն ինձ տխրեցնում է խոստումների որակն ու աղբյուրը։ Այդ ի՞նչ միջոցներով պետք է ներենք վարկերը, իջեցնենք տոկոսները։ Թեպետ տոկոսների իջեցման խոստումը, կարելի է ասել, արդեն իսկ իրականացել է, քանի որ Կենտրոնական բանկն արդեն իսկ էականորեն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, պարզապես քչերը գիտեն, որ սրա ազդեցությունը որոշակի ժամանակահատված հետո է երևում։ Այս խոստումը, երևի, նման է քրմերի կողմից լուսնի խավարման խոստմանը՝ շահագործվում է մարդկանց ֆինանսական գրագիտության պակասը։
Ինչ վերաբերում է միջոցներին՝ այս առումով էականորեն առանձնանում է «Ծառուկյան» դաշինքը, որը մեղադրում է պետական ապարատին՝ տոկոսադրույքների ձևավորման մեխանիզմը իջեցնելով «Համաշխարհային բանկից էժան տոկոս են բերում ու թանկ տալիս բնակչությանը» ձևակերպմամբ»։ Դաշինքը հավելում է, որ մեղավորները կպատժվեն։
Սա այն դեպքն է, որ ես կցանկանայի, որ այդ դաշինքը հաղթեր ու մի հատ փորձեր համաշխարհային բանկից էժան փող բերել ու այն տալ բնակչությանը։ Բնական է, որ չի կարող, բայց մեղադրյալի աթոռին նստելու ցանկություն էլ չի լինի։
Այսինքն՝ նորից շահագործվում է ֆինանսական գրագիտության պակասը։ Եթե ամբողջացնեմ պատկերը, ապա հարուստները, չգտնելով թիրախներ, որոնց կարելի է մեղադրել, քաղաքական դաշտից դուրս թիրախներ են ընտրել՝ Հայաստանից դուրս եկած գումարներ, պետական բյուրոկրատիա, բանկային համակարգ, Համաշխարհային բանկ։