Դպրոցների տնօրենների ձայնագրությունների հետ կապված գնահատականներ են տրվում, բայց պետք է նկատի ունենալ, որ գործ ունենք իրավական վարույթի հետ. Տ. Մուկուչյան
Դպրոցների տնօրենների ձայնագրության հետ կապված կան տարաբնույթ գնահատականներ, բայց պետք է նկատի ունենալ, որ գործ ունենք իրավական վարույթի հետ:
Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Կան այդ երևույթի նկատմամբ տարաբնույթ հասարակական գնահատականներ, մեկնաբանումներ, ընկալումներ: Բայց պետք է նկատի ունենալ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործ ունի իրավական վարույթի հետ»,- նշեց Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» և «Ելք» դաշինքները, հիմք ընդունելով դպրոցի տնօրենների ձայնագրությունները, դիմումներ էին ներկայացրել ԿԸՀ՝ ՀՀԿ-ին ընտրական ցուցակից հանելու պահանջով, սակայն, դրանք մերժվել էին:
Մուկուչյանի խոսքով՝ մինչ այդ դիմումները ԿԸՀ-ն արդեն ստացել էր բացատրություններ նաև այդ դպրոցների տնօրեններից։ Ըստ նրա՝ այդ ձայնագրություններից շատերում ուղղակի անհասկանալի է, թե ինչ ցուցակի մասին է խոսքը։
«Ընտրական գործընթացի ժամանակ կան ցուցակներ, որոնք փակցված են տեղամասային կենտրոններում: Եվ շատ հաճախ հենց նույն դպրոցներին լինում են զանգեր, ճշգրտումներ: Քաղաքացին զանգում է, խնդրում է ինչ-որ բան ճշտել այդ ցուցակներից»,- ասաց նա:
Տիգրան Մուկուչյանի տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր փաստական հանգամանքի վերաբերյալ, որոնք ներկայացվել էին, ԿԸՀ-ն առավել քան հստակ դիրքորոշում է արտահայտել: Նշվում էր, որ քարոզչություն է իրականացվել աշխատանքի ժամին, բայց ըստ Մուկուչյանի՝ որևէ ձայնագրությունում չկա փաստ, որ մարդն իր աշխատանքի ժամին է դա իրականացրել:
«Օրենքը մանկավարժներին ոչ թե արգելել է քարոզչություն իրականացրել, այլ նշում է, որ վերջիններս չեն կարող քարոզչություն իրականացնել իրենց պաշտոնական լիազորություններն իրականացնելիս: Իր աշխատանքից դուրս այդ մարդը ազատ կարող է լինել կուսակցական, ազատ զբաղվել կուսակցական գործունեությամբ, դա նորմալ երևույթ է»,- նկատեց Մուկուչյանը:
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության ընթացքում պատգամավորի թեկնածուների կողմից խոստումներ տալու խնդրին, Մուկուչյանը նշեց. «Որոնք որ հայտնաբերվել են, դրանց վերաբերյալ արձագանքը միշտ եղել է: Հանձնաժողովը ներկայացրել է բազմաթիվ պարզաբանումներ, որ այս գործընթացի ժամանակ ոչ միայն չպետք է տրվեն դրամ, սննդամթերք, այլ անգամ խոստումներ չպետք է տրվեն»: