Ինչպես ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կա սպառազինության, նույնկերպ կա հռետորաբանության մրցավազք. քաղաքագետը՝ ՀԱԷԿ-ին հարվածելու սպառնալիքի մասին
Ինչպես որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև կա սպառազինությունների, այնպես էլ կա հռետորաբանության մրցավազք, և Հայաստանի ատոմակայանին հարվածելու ադրբեջանական հայտարարությունը պետք է դիտել այս համատեքստում: Այս մասին Tert.am-ին հայտնեց քաղաքագետ Գևորգ Մելիքյանը:
Նա մասնավորապես ասաց. «Քանի որ կա սպառազինության մրցավազք, նույն հաջողությամբ, նույն կերպ կա հռետորաբանության մրցավազք: Մենք հիմա մտել ենք այդ պարույրի մեջ. անընդհատ նրանք կասեն, հայկական կողմը կպատասխանի, մենք կասենք՝ նրանք ավելի շատ կպատասխանեն: Հետո նորից կպատասխանեն և այսպես շարունակ: Եվ սա այն ցավալի հետևանքն է, որը բերում է չլուծված հակամարտությունը»:
Հիշեցնենք, որ ի պատասխան Հայաստանից հնչած հայտարարությունների, որ հարձակման դեպքում կկիրառվի «Իսկանդեր», Ադրբեջանն իր պահուստային գնդապետ Շահին Ռամալդանովի շուրթերով АзерТАдж-ին տված մեկնաբանությունում ասել է, թե Բաքուն կհարվածի Մեծամորի ԱԷԿ-ին, և «այդ ժամանակ Հայաստանում մի քանի դար ոչ ոք չի կարողանա ապրել»։
«Իհարկե, Ռամալդանովը լռության է մատնում այն փաստը, որ հայկական ԱԷԿ-ին հարվածելու դեպքում անմարդաբնակ կդառնա ոչ միայն ՀՀ տարածքը, այլև ներկայիս Արևելյան Թուրքիայի մի մեծ հատված, դեռ թրքաբնակ Նախիջևանը, Իրանի հյուսիս-արևմուտքի մի զգալի մասը, հարավային Վրաստանը և Ադրբեջանի արևմտյան շրջանները»,-ասաց քաղաքագետը։
Ի պատասխան հարցի, թե միջազգային հանրությունն ինչպե՞ս կընդունի այս հայտարարությունը, թե՞ սա կարող է մի փոքր անլուրջ դիտարկվել, Գևորգ Մելիքյանն ասաց, որ, իհարկե, այնքան էլ անլուրջ չէ՝ ի վերջո, սպառնալիք է:
«Սա մի փոքր այլ հարթության վրա պետք է դիտարկել: Հարցն այն չէ, թե որքանով դա նրանց կհաջողվի, թե ոչ։ Խոսքն այն մասին է, որ ադրբեջանական կողմը մեզ հասկացնում է, որ Իսկանդերով դուք չեք կարող իմ բոլոր ռազմավարական նշանակության կետերը ոչնչացնել: Այսինքն՝ խնդիրը, ռազմական ոլորտի տերմինաբանությամբ եմ ասում, երկրորդ հարված հասցնելու հնարավորության մասին է։ Թե չէ, պարզ է, որ այդ հրթիռը, եթե արձակվի, տեղ չի հասնի»,-մեկնաբանեց քաղաքագետը: