Իշխանությունը պետք է մի կողմից ազատականացնի բիզնես դաշտը, մյուս կողմից` զսպաշապիկներ ներդնի. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը վերջին շրջանում ապրանքների թանկացում թեև նկատել է, սակայն դա չի կապում ապրիլի երկուսին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ, քանի որ քարոզարշավից առաջ էլ թանկացումներ կային:
«Ես ոչինչ չեմ բացառում, և տեսականորեն շատ պատճառ կարող է լինել, սակայն ինձ հետաքրքրում է՝ թանկացումները տրամաբանվա՞ծ են, թե ոչ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, որ իր կարծիքով` տրամաբանված չեն:
«Մեր երկրում գների կարգավորման մասին բացի վեհ խոսքերից, բացի կարգավորմանն ուղղված ոչինչ չասող նախադասություններից, որևէ իրական քայլ այդ ուղղությամբ չի արվում: Իսկ երբ բիզնեսը գնային քաղաքականություն իրականացնելու իմաստով խիստ ազատական մոտեցումներ է ցուցաբերում՝ շատ լավ հասկանալով, որ պետությունը իրեն ոչ մի պատասխանատվության չի կանչելու և կարող է ներքին պայմանավորվածություններ ձեռք բերել, բնականաբար չի կարգավորվելու, որովհետև աշխարհում գոյություն չունի մի բիզնեսմեն, ով շատ փող աշխատելուց բացի այլ նպատակ ունի»,-ասաց նա:
Ըստ Բաբկեն Պիպոյանի` գործադիր իշխանությունը մի կողմից պետք է ազատականացնի դաշտը, որը մեր երկրում այդքան էլ ազատականացված չէ, մյուս կողմից էլ պետք է համապատասխան զսպաշապիկներ ներդնի, որպեսզի բիզնեսը չկարողանա հանցավոր պայմանավորվածություններ ձեռք բերել` ի վնաս սպառողի:
«Այս մոդելը մեր երկրում չի գործում: Ես կարող եմ ասել մեկ բան` մենք խայտառակ վիճակում ենք»,-ասաց նա։
Նա նշեց, որ պետությունը չպետք է բիզնեսի գործերին խոչընդոտի և պետք է լավ բիզնես դաշտ ստեղծի, սակայն Հայաստանում կան մենաշնորհներ, պայմանավորվածություններ և չկան պատասխանատվության ենթարկվողներ: