Սփյուռքահայ արվեստագետները հորդորում են «անպայման մասնակցել ընտրություններին»
«Անարդարության ու հուսահատության տարիներից հետո մենք վախեցած էինք և մենք ուզում ենք մասնակցել՝ թեկուզ փոքր չափով կերտելու Հայաստանում արդարություն»:
«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության կոչով շուրջ 300 սփյուռքահայ դիտորդներ վերահսկելու են այս կիրակի տեղի ունենալիք ընտրությունները: Սփյուռքահայ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը ներկայացրեց նախաձեռնության ստեղծման շարժառիթը՝ «Պատճառը, թե ինչու մենք ստեղծեցինք «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունն այն է, որ չափից դուրս շատ մարդիկ Հայաստանը լքում են»:
Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն էլ կարծիք հայտնեց, թե «հավանաբար ընտրությունները կեղծվելու են»: «Մենք արդեն տեսել ենք ընտրակեղծարարության փաստեր, և կարող եմ հստակ ասել, որ մենք այստեղ չենք կիրակի օրվա քվեները պահելու համար, մենք այստեղ ենք ապագայի համար: Մենք չպետք է բռնապետության և հատկապես ինքնաբռնապետության ու հուսահատության զոհը դառնանք»,- ասաց Էգոյանը:
Պատասխանելով հարցին՝ արդյոք հետընտրական զարգացումների դեպքում հայտնի արվեստագետները փողոց դուրս կգան՝ կանգնելու քաղաքացիների կողքին, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն ասաց՝ դա կախված կլինի, թե որքան քաղաքացի դուրս կգա փողոց:
Սփյուռքահայ մշակութային գործիչներն ասացին նաև, որ ընտրությունների օրը շրջելու են տարբեր տեղամասերով, նրանք կոչ արեցին քաղաքացիներին՝ անպայման գնալ քվեարկելու, եթե անգամ որևէ ուժ վստահություն չի ներշնչում: