Ապագա հանճարների ուսուցչուհի ընկեր Մուրադյանը
Բոլոր երեխաները՝ անկախ բնակության վայրից ու սոցիալական պայմաններից, ունեն լավագույն կրթություն ստանալու իրավունք: Հայաստանի գյուղական շատ համայնքներում, սակայն, ուսուցչի թափուր աշխատատեղերը տարիներով չեն լրացվում: Երբեմն մի ուսուցիչը ստիպված է լինում դասավանդել մի քանի առարկա, կամ որոշ առարկաներ պարզապես դուրս են մնում ուսումնական պլանից:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է` լավագույն երիտասարդ մասնագետների համար, որոնք տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով Ամառային ինստիտուտում, որը հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր է, ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա: Երիտասարդ մասնագետները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական եւ համայնքային զարգացմանգործունեություն: Ծրագրի 42 մասնակիցներն այս պահին դասավանդում են 5 մարզերի 35 գործընկեր դպրոցներում:
Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից, որոնք թողել են բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը՝ հանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացահայտել նրանց կարողություններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները:
Մեդիամաքսը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ սկսում են նոր նախագիծ՝ ներկայացնելով ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:
«Այստեղ սովորում են ապագա հանճարները»: Դռանը փակցված գրությանը դպրոցում հավատում են, ամենակարեւորը՝ հավատում են այդ դասարանի աշակերտները: Որ հնարավոր է դժվարությունները հաղթահարել ու հասնել նպատակներին, աշակերտներն ընկեր Մուրադյանից ամեն օր են լսում: Լոռու մարզի Կաթնառատ գյուղում Երեւանից եկած մաթեմատիկայի ուսուցչուհուն բոլորն են ճանաչում: Սկզբում զարմանում էին՝ ինչ է կորցրել երիտասարդ ու հմայիչ աղջիկն իրենց գյուղում, որտեղից շատերն արտագաղթում են: Հիմա առանց Անուշի դպրոցի ու համայնքի կյանքը դժվար են պատկերացնում:
[[gallery1]]
25-ամյա Անուշն ինժեներ է, ծրագրավորող: Ուսումը գերազանցությամբ ավարտելուց հետո ծրագրավորողի կարիերա էր սկսել, բայց արագ հասկացել՝ հոգեպես բավարարված չէ, իրեն լիարժեք չի զգում: Թողեց աշխատանքն ու միացավ կարճաժամկետ մի ծրագրի, որը հնարավորություն էր տալիս շրջել մարզերի դպրոցներով: Ծանոթանալով խնդիրներին՝ հասկացավ, որ սա պայքարի իր դաշտն է:
Հենց այդ օրերին էլ լսեց «Դասավանդի’ր, Հայաստան» (Teach For Armenia) ծրագրի մասին: «Կարդացի՝ մարզ, դպրոց, աշակերտ, երկարաժամկետ, եւ բացի դիմում լրացնելն ինձ ուրիշ բան չէր մնում»,- ասում է Անուշը: Հատկապես ոգեւորվել էր, որ երկու տարով տեղափոխվում է իրեն ամբողջովին անծանոթ գյուղական մի համայնք՝ Երեւանից հեռու:
[[gallery2]]
Բիայնա Ամիրջանյանի հետ, որը նույն դպրոցում աշխարհագրություն էր դասավանդելու, սկսեցին քարտեզի վրա որոնել Կաթնառատը: «Մանրամասն ուսումնասիրում էինք՝ ոնց պիտի գնանք, ինչ պիտի անենք: Բայց լրիվ հակառակը եղավ՝ այլ կերպ գնացինք, այլ կերպ եկանք: Էնքան հետաքրքիր է՝ էստեղ ինչ պլանավորում ես, էդպես չի լինում: Միշտ պետք է ունենալ պլան՝A, B, C: Ցանկացած հարցում ավելի ճկուն ենք դարձել: Հիմա Երեւանում էլ բոլոր հարցերն ավելի արագ ենք լուծում»:
[[gallery3]]
Իր եւ մի քանի տասնյակ երեխաների կյանքը փոխել, իրականացնել երազանքն եւ աշակերտներին երազելու հնարավորություն տալ. ցանկությունն այնքան մեծ էր, որ Անուշը ոգեւորությամբ վարակեց ընտանիքին, հարազատները քաջալերեցին:
«Հիմա հիշում ու զարմանում եմ՝ ի՞նչ ուժ էր ինձ պատել այն ժամանակ, որ ոչ մի բան չէր կարող խանգարել, այնքան մեծ ու հստակ էր իմ նպատակն ու ցանկությունը: Ես միշտ ասում եմ՝ ես չգիտեի, թե ուր եմ գնում, բայց գիտեի՝ ինչի համար եմ գնում»:
Երազանքն իրականացնելու ճանապարհին վախեր ու անհանգստություններ կային՝ ինչպե՞ս գյուղում կընդունեն իրեն, կհաջողի՞ ուսուցչի աշխատանքը: Համայնքի, գործընկերների ու հատկապես՝ տնօրենի օգնությամբ, արագ դարձավ կաթնառատցի:
«Առաջին օրը մտա դասարան, բոլորը սառած սպասում էին՝ ով է ընկեր Մուրադյանը: Ու էնքան սիրուն էին բոլորը, գրական էին խոսում, ինձ էնպես լավ էին վերաբերվում: Մտածեցի՝ երեւի առաջին օրն է, երեխաներն ուզում են տպավորություն թողնել, բայց մինչեւ այսօր նույն վիճակն է: Ես ունեի 45 րոպե ու պետք է պատմեի իմ մասին: Քանի որ իրենք մեծ ու հույսով լիքը աչքերով նայում էին՝ ով է ընկեր Մուրադյանն ու ինչի համար է եկել, ես խնդիր ունեի ցույց տալու, որ իրենց ուսուցիչն եմ, ընկերն եմ: Ճիշտն ասած, առաջին րոպեից հետո չեմ հիշում՝ ինչպես է անցել առաջին օրս»:
Անուշը «Դասավանդի’ր, Հայաստան»-ի առաջին մասնակիցներից է: Ծրագրի մասին քչերը գիտեին, թերահավատություն ու անտեղյակություն կար:
Պատասխանատվությունը մեծ էր, խնդիրները՝ շատ: Առաջացող հարցերին լուծում գտնելու փորձ չունեին: Անուշը դասավանդում է երեք դասարանի 31 աշակերտների, նաեւ դասղեկ է: Բոլորը մաթեմատիկոս չեն դառնալու, բայց դասին ակտիվ մասնակցում են բոլորը:
[[gallery4]]
«Մեծ պատասխանատվություն կար առարկան ճիշտ մատուցել, որ երեխաները սիրեն, կարողանան հաջողություն գրանցել: Մաթեմատիկան ունի իր դժվարությունները, ու ես շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ գյուղում, որտեղ երեխաները տաղանդավոր են: Ես իմ առջեւ խնդիր էի դրել կոտրել այն կարծրատիպը, թե մաթեմատիկան դժվար է: Մենք ունենք շատ լավ ուսուցիչներ, որոնք այս պայմաններում մեծ աշխատանք են տանում, եւ դա ինձ համար օրինակ է: Մտածում էի՝ ինչպես հեշտ մատուցեմ, ու գտա տարբերակներ. մտնում էի դասարան, ասում էի՝ «սա ամենահեշտ թեման է, որ դուք մաթեմատիկայից երբեւէ անցել եք, ձեզնից պահանջվում է ուշադիր լսել ինձ, եւ հինգ րոպեում կհասկանաք»: Բայց դա ֆունկցիան էր կամ մի ուրիշ դժվար թեմա, որ անգամ ես էի վախենում, զանգում էի մամային, ասում էի՝ «սա ինչպե՞ս պետք է բացատրեմ, չեմ կարողանում, նույնիսկ ես եմ դժվարանում»: Իրենց ոգեշնչելու, դասին կենտրոնացնելու այդ մոտեցմամբ գործիս 90 տոկոսը համարում եմ արված»:
[[gallery5]]
Գիտելիք փոխանցելը ծրագրի կարեւոր, բայց միակ նպատակը չէ: Կրթությունը միջոց է երեխաների հետ շփման, նոր հետաքրքրություններ ու տաղանդներ բացահայտելու, նրանց ոգեւորելու: 2 տարում Անուշն աշակերտների համար դարձել է օրինակ: Նրան ձգտում են նմանվել, կարեւորում են կարծիքը, գնահատականը: Աշակերտներին հետաքրքիր լինելու համար Անուշն անընդհատ ինքնազարգանում, ինքնակրթվում է, Երեւանում լինելիս՝ աշխատում է հասցնել նոր ֆիլմեր, ներկայացումներ դիտել:
[[gallery6]]
«Ավելի դժվար էր ոչ թե աշակերտների, այլ ինքս ինձ հետ աշխատանքը, որ ես իմ ներսում հղկվեի ու իրենց համար ճիշտ օրինակ դառնայի: Ինչ իրադարձություն լինում է, ես գիտեմ, որ վաղը գնալու եմ դպրոց, եւ իրենք դա քննարկելու են ինձ հետ: Սկսեցի վերանայել իմ խոսքը, շարժուձեւը, աշխարհայացքը: Ես ուզում եմ, որ ինձնից չսովորեն միայն a+b2, այլ իմ կերպարով արժեքային համակարգ ձեւավորեմ: Իրենց ցույց տամ՝ կապ չունի, որ դուք ապրում եք գյուղում: Ես Երեւանից եկել եմ, ձեզ մոտ եմ աշխատում, նշանակում է՝ դուք ինքներդ կարող եք էստեղ ձեզ համար գործ գտնել, ինչո՞ւ պետք է թողնեք գյուղն ու գնաք կամ մտածեք, որ Երեւանում աշակերտներն ավելի լավն են, քան՝ դուք: Երբեմն ասում են՝ «լույսը գնացել է», չենք արել տնայինը, ասում եմ՝ ես նույն գյուղում եմ ապրում, իմ «լույսն էլ էր գնացել», բայց ես պատրաստվել եմ դասին: Ես էլ նույն պայմաններից եմ օգտվում, ինչ՝ դուք, ես ձեզնից ոչնչով չեմ տարբերվում: Ու իրենց հետ հավասար լինելով, հավասար կենցաղային պայմաններ կիսելով՝ մենք ավելի մտերմացանք»:
[[gallery7]]
Անուշն ու Բիայնան ընկերացել են ոչ միայն աշակերտների, այլեւ նրանց ընտանիքների ու ամբողջ համայնքի հետ: Տխրություն լինի, թե ուրախություն՝ նրանց կողքին են: «Համայնքում ոչ մի բանից հետ չենք մնում, ամեն տեղ մեզ մեջ ենք գցում, իրենք էլ մեզ ներգրավվում են»,-ծիծաղում է Անուշը:
[[gallery8]]
Դպրոցի փոքրիկ գրադարանում «Գրական ակումբ» են հիմնել: Գետաշենի դպրոցի աշակերտների հետ գիրք են ընտրում, կարդում ու skype-ով քննարկում: Դպրոցին միավորել է մեկ այլ գաղափար եւս: Սկսել են «Հանուն դպրոցի» նախաձեռնությունը: Կազմել են դպրոցին անհրաժեշտ իրերի ցուցակ եւ տեղադրել ֆեյսբուքում: Պարբերաբար հաշվետվություն են ներկայացնում՝ ինչպես են օգտագործում հաշվեհամարին փոխանցված գումարներն ու Կաթնառատ ուղարկված իրերը: 8-րդցիներն արձակուրդի ընթացքում սկսել են դասարանի վերանորոգումը: Անուշն ասում է, որ նախաձեռնության միջոցով աշակերտներին ցանկանում է ցույց տալ, թե գաղափարն ինչպես է իրականություն դառնում:
[[gallery9]]
«Երբ մտնում էի դասարաններ ու ասում, որ դպրոցին օգնելու նման նախաձեռնություն կա, չէին հավատում, մեզ վրա ծիծաղում էին»,- ասում է 11-րդ դասարանում սովորող Մարիետան: «Բայց երբ չորս նոր գրատախտակ բերեցին, իրենք էլ հունի մեջ ընկան ու փորձում են օգնել՝ ինչով կարողանում են: Մենք էլ աշխատում ենք պրոֆեսիոնալ գործել, ծրագրի ստանդարտներին համապատասխան: Շարժիչ ուժը, ոգեւորողը ընկեր Մուրադյանն է: Երբ լինում է առաջնորդող, ոգեւորող, ոգեշնչող, գնում ես հետեւից, դա իսկապես մեծ ուժ է մեզ համար»:
Աշակերտները հաճախ են հյուրընկալվում ընկեր Մուրադյանի տանը: Միասին տոներ են նշում, ֆուտբոլ դիտում: Աշակերտները նրանց կողքին են, երբ կենցաղային դժվարություններ են ունենում: «Կենցաղում շատ են օգնում ու հաճախ մեզ վրա ծիծաղում են՝ ընկեր Մուրադյան, սա էսպես են անում, դուք ի՞նչ եք արել: Նկատողություններ են անում՝ ինչի՞ խոտը չեք քաղում, կատու ունեինք, օգնում էին խնամել, ցախ են կոտրում: Իրենք պատասխանատվություն են վերցրել իրենց վրա մեզ օգնելու, մենք էլ թույլ ենք տալիս, ընձեռում ենք հնարավորությունը, որ իրենց կարեւոր զգան: Իրականում մենք իրենցից շատ բան ունենք սովորելու ու միշտ կրկնում ենք դա»:
[[gallery10]]
Անուշի ու Բիայնայի վարձակալած տունը գյուղի կենտրոնում է: Մեծ փեղկերով պատուհանից աշակերտներին հետեւում են նույնիսկ դասերից հետո: Ուսուցչին բնորոշ անհանգստությամբ հետաքրքրվում են՝ ուր են գնում, ինչ են անում: Ծիծաղելով ասում են, թե աշակերտները մեծ ու արագ քայլերով են անցնում իրենց տան կողքով, որ աննկատ մնան: Նույնիսկ տանը՝ ճաշի սեղանի շուրջ, թեման աշակերտներն ու դպրոցն են:
«Աշակերտներս իմ ճանաչած ամենատաղանդավոր, ամենաճկուն, ամենաբանիմաց մարդիկ են: Ամեն մեկը մի շնորհք ունի: Ես երազում եմ, որ իրենք մեծանան, չկորցնեն այդ ուժը, ինքնավստահությունն ու ազատությունը, ժամանակի, խնդիրների, իրավիճակների հետ երբեք չկորցնեն մանկությունը»:
[[gallery11]]
Անուշը չի խուսափում խոսել դժվարությունների մասին: Ասում է՝ ոչ թե հաղթահարեցին, այլ սովորեցինք դրանց: Հուսահատության պահերին «ինչո՞ւ եկա» միտքն Անուշին էլ է այցելել: «Այդ պահին ոչինչ չեմ մտածել, քնել-արթնացել եմ, մտել եմ դպրոց, ու վերջ՝ ես նորից հասկացել եմ, թե ինչու եմ եկել: Դպրոցը, աշակերտին տեսնելը, այդ միջավայրում լինելն ինձ մոռացնել է տվել, որ ես երեկ ծայրահեղ վատ վիճակում էի, որ մտածում էի, թե ինչու եմ եկել: Երբ ուզում եմ գտնել այդ «ինչո՞ւ»-ն, գնում եմ դպրոց: Էնտեղ է թաքնված, կախարդական է շատ»:
Այս ուսումնական տարում Անուշն ավարտում է ծրագրով նախատեսված դասավանդման երկու տարին: Մի շարք մտքեր ունի՝ ինչպես հետագայում աջակցի աշակերտներին: Ասում է՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը օգնեց իրականացնել երազանքը, բացահայտել իրեն:
[[gallery12]]
«Հիմա որ հետ եմ նայում, ինձ թվում է՝ ուրիշ Անուշ է եղել, բայց որի երազանքներն ու նպատակները եղել են այն, ինչ արել է այս Անուշը: Ես ծանոթացա համայնքին, լիարժեք ապրեցի այստեղ: Չեմ մտածել, որ հենց այս պահին կամ վաղը պետք է արածիս արդյունքը տեսնեմ: Դրանք ծիլեր են, եւ ես երազում եմ տեսնել, որ այդ ծիլերը բարձրացել են, ծառեր, ծաղիկներ են դարձել: Ես ինձ հիմա համարում եմ ավելի հասուն, խոհեմ, շատ հարցերի նայում եմ ավելի լուրջ ու մեծ պատասխանատվությամբ եւ հասկանում եմ, թե մարդը մարդուն ինչքան կարող է օգնել»:
Հ.Գ. «Սիրելի ընկեր Մուրադյան խնդրում եմ մի գնացեք: Մնացեք մեզ մոտ, մենք առանց ձեզ չենք կարող: Երբ որ մենք փոխվենք 6-րդ, դուք մեզ դասղեկություն արեք: Դուք երկնային գեղեցկուհի եք եւ որ միջոցառում լինի, ամեն հարցում ես ձեզ կօգնեմ ինչ էլ որ լինի: Ես ուր էլ որ գնամ, որտեղ էլ մնամ, միշտ դուք սրտիս մեջ կլինեք, իմ սիրելի Ընկեր Մուրադյան»: (Աշակերտներից մեկի նամակը՝ ընկեր Մուրադյանին)
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է: