Արայիկ Խանդոյանի հեռախոսային խոսակցությունների ու տեսակցությունների արգելքի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է
«Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի հեռախոսային խոսակցությունների ու տեսակցությունների արգելքի դեմ վերաքննիչ բողոքի քննությունն ընդմիջվել է և հետաձգվել մինչև ապրիլի 4-ը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արա Ղարագյոզյանը:
Հարցին, թե ինչու է դատական նիստը հետաձգվել,Արա Ղարագյոզյանն ասաց, որ նիստը նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանն Արայիկ Խանդոյանին արտահայտվելու իրավունք չի տվել, ինչից հետո դահլիճում իրարանցում է սկսվել:
«Ես ինքնաբացարկ ներկայացրեցի նախագահող դատավորին այն հիմքով, որ մի անգամ նա քննել էր Արայիկ Խանդոյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը և Արայիկ Խանդոյանին հեռացրել էր նիստերի դահլիճից: Այդ հիմքով ես ասացի, որ դատարանը քաղաքական որոշում է կայացրել, քննչական խմբի ղեկավարը Էդիկ Հակոբյանն էլ պատվերներ է կատարում»,–ասաց Արա Ղարագյոզյանը։
Վերջինիս խոսքով՝ օգտվելով իր խոսքի իրավունքից, Արայիկ Խանդոյանը ցանկացել է իր կարծիքը հայտնել ՀՀԿ-ի մասին, սակայն դատավորը թույլ չի տվել, և հեռացել է նիստերի դահլիճից այն ժամանակ, երբ դահլիճը գոռգոռում էր և չէր հանդարտվում:
«Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 4-ին, դռնբաց, թե դռնփակ է լինելու դեռ չգիտեմ, բայց քննարկվում է տարբերակ, թե դռնփակ դարձած դատական նիստի դեպքում ինչ քայլեր կանի պաշտպանական կողմը»,-ասաց Ղարագյոզյանը:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով և 238-րդ հոդվածի 4-րդ, 1-ին և 2-րդ կետերով ՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը։