Ինչպիսին է եղել կյանքը Հյուսիսային Աֆրիկայում 125 տարի առաջ (լուսանկարներ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ լուսանկարների շարք, որն արվել է 1890-ական թվականներին ու ներկայացնում է հյուսիսաֆրիկյան պետություններում՝ Ալժիրում, Թունիսում և Սահարա անապատի այլ հատվածներում առօրյա կյանքից դրվագներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր հայտնաբերված լուսանկարները հանվելու են աճուրդի՝ 5.500 եվրո մեկնարկային գնով:
Պարբերականը նկատում է, որ լուսանկարներում պատկերված է եվրոպական գաղութացման ժամանակահատվածը, երբ Եգիպտոսը Բրիտանական կայսրության գաղութն էր, իսկ, օրինակ, Լիբիան դեռևս կազմում էր Օսմանյան կայսրության մի մասը:
Հայտնի է, որ լուսանկարների հեղինակները ֆրանսիացի 2 եղբայրներ են, որոնք 149 կադրից բաղկացած ֆոտոալբոմը ժամանակին վաճառել են մի գերմանացի ճարտարապետի:
125 տարվա պատմություն ունեցող լուսանկարները ցույց են տալիս հյուսիսաֆրիկյան բնապատկերներ, տեղի բնակիչներին, նրանց հագուկապը, ավանդույթներն ու կենցաղը: