ԱՄՆ պետքարտուղարի Անկարա այցելության արդյունքները Թուրքիայի համար հիասթափեցնող էին. Financial Times
Բրիտանական Financial Times պարբերականը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի` Անկարա կատարած այցին, գրել է, որ անցկացված հանդիպումները թուրքական իշխանությունների համար լի էին հիասթափություններով:
Ըստ պարբերականի՝ Անկարան չկարողացավ հասնել իր ուզածին և պարտադրել իր պայմաններն Արևմուտքին տարածաշրջանային մի շարք հարցերում և գլխավորապես Սիրիայի քրդերի հարցում:
«Թրամփի՝ իշխանության անցնելուց հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում շրջադարձային փոփոխությունների ակնկալիքներ ունեցող Անկարան հիասթափված է»,-գրում է Financial Times-ը:
Հիշեցնենք, որ Թիլերսոնը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) հետ ԱՄՆ-ի համագործակցությունը:
Ի պատասխան թուրք լրագրողների այն հարցին, թե ինչ ծրագրեր ունի այս առումով ԱՄՆ-ն և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, Թիլերսոնը նշել է, որ դա շատ բարդ որոշում է ԱՄՆ-ի համար:
«Անկեղծ եմ ասում՝ սրանք ԱՄՆ-ի համար շատ բարդ որոշումներ են: Ես հասկանում եմ դա, սակայն այս քննարկումներն էլ շատ օգտակար բնույթ ունեն: Թուրքիայի հարգելի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ հանդիպումների ընթացքում հնչած տեսակետները նկատի կառնվեն: Կարող եմ միայն հստակ ասել, որ հակաահաբեկչական պայքարի շրջանակում, որպես միջազգային կոալիցիայի անդամներ, Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակում են և կշարունակեն մնալ դաշնակիցներ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պաշտոնապես հաստատել է Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտը:
Յըլդըրըմը չի բացառել, որ ապագայում Թուրքիան կարող է վերսկսել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները, եթե այնտեղ գտնվող տարբեր խմբավորումների գործողություններն ու զարգացող իրադարձությունները վտանգ ներկայացնեն Թուրքիայի անվտանգությանը:
Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: