Սամվել Բաբայանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
«Վերաքննիչ բողոք եմ ներկայացնել առաջին ատյանի որոշման դեմ` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ հրապարակման ենթակա որևէ այլ գործողություն չի կատարվել:
Սամվել Բաբայանի պաշտպանը հայտնեց, որ դեռևս հայտնի չէ վերաքննիչ բողոքի քննության օրը:
Հիշեցնենք, որ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին։ Մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին կալանավորելու որոշում էր կայացրել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: