Մեզանում չպետք է լինի հայհոյանքներ տեղալու հակամշակույթ. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գտնում է, որ «Ելք» դաշինքի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի տնօրեններից, որոնց պիտակավորել է:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով շտապում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի եզրափակիչ հավաքին:
«Ես ընդամենը կոչ արեցի Նիկոլին ներողություն խնդրել, քանի որ տաք-տաք հայտարարություն էր արել՝ վիրավորելով մանկավարժներին և տնօրեններին. մանավանդ, որ նման նախադեպ եղել է քարոզարշավի ժամանակ, հենց «Ելք»-ի հանդեպ, երբ «Ծառուկյան» դաշինքի համակիրներն իրենց հայհոյանքներ էին թույլ տվել հենց Նիկոլի և դաշինքի անդամների հանդեպ՝ Նիկոլի թիմի ներկայությամբ: Անմիջապես այդ միջադեպը հարթվեց»,- ասաց Արմեն Աշոտյանը։
«Կարծում եմ՝ Նիկոլն ունի այն խիզախությունը, որ տաք-տաք ասած բառերի համար ներողություն խնդրի այն մարդկանցից, ովքեր իր մոր կամ կնոջ տարիքին են: Եթե նա էլ չխնդրի, կհորդորեմ «Ելք» դաշինքի ավելի հմուտ և իմաստուն ներկայացուցիչներին՝ իր փոխարեն ներողություն խնդրել»,– ընդգծեց նա:
Արմեն Աշոտյանը հավելեց, որ նման քաղաքական հակամշակույթը մեզանում չպետք է տեղ ունենա՝ մանավանդ, որ քարոզարշավը մոտենում է ավարտին: