ԱՄՆ պետքարտուղարությունը Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշումն «իշխանության բռնազավթում» է անվանել
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշումն առ այն, որ ստանձնում է երկրի օրենսդիր իշխանության լիազորությունները Ազգային ասամբլեայի փոխարեն, «իշխանության բռնազավթում» է անվանել:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, համապատասխան որոշումը հարավամերիկյան երկրի գերագույն դատական մարմինը կայացրել է հինգշաբթի:
«Քանի դեռ շարունակվելու է անհարգալից վերաբերմունքը գործադիր իշխանության նկատմամբ և Ազգային ասամբլեայի կողմից անվավեր որոշումների կայացումը, դատական մարմինը երաշխավորում է, որ անմիջականորեն կկատարի խորհրդարանական պարտականությունները` իրավարար պետության պահպանման համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Միացյալ Նահանգները դատապարտում է Գերագույն դատարանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված Ազգային ժողովից իշխանության զավթման որոշումը», - ասել է պետդեպի խոսնակ Մարկ Թոները: Նշվում է, որ «դա ժողովրդավարական և սահմանադրական նորմերի խախտում է, որը լրջորեն վնասում է Վենեսուելայի ժողովրդավարական ինստիտուտներին եւ զրկում ժողովրդին իր ապագան ընտրելու հնարավորությունից»:
Թոներն ընդգծել է, որ «ԱՄՆ-ն կոչ է անում Վենեսուելային հարգել ժողովրդավարական կառույցները՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար ճգնաժամից դուրս գալու ուղիներ փնտրելուն զուգընթաց»: