Մարզահամերգայինից և Ազատության հրապարակից մինչև բակեր և գյուղեր. քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավների վերջին օրերը
Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին մնացել է ընդամենը 2 օր: Քաղաքական ուժերը, ըստ օրենքի, իրավունք ունեն քարոզչություն իրականացնել մինչև մարտի 31-ը, իսկ ապրիլի 1-ը լռության օր է: Tert.am-ը ներկայացնում է, թե որտե՞ղ և ինչպե՞ս են պատրաստվում իրենց քարոզարշավն եզրափակել կուսակցություններն ու դաշինքները:
Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի վերջին օրվա՝ մարտի 31-ի ծրագիրը նախատեսված է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ֆոյեում: Ինչպես հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, լինելու են մի շարք մասսայական միջոցառումներ:
«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ քարոզարշավն ավարտել են երեկ՝ մարտի 28-ին, Մարզահամերգային համալիրում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառումով: Իսկ Ծառուկյան դաշինքից առաջադրված ռեյտինգային թեկնածուների բակային հանդիպումները կշարունակվեն մինչև լռության օրը:
«Ելք» դաշինքի մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը նշեց, որ այս պահին դաշինքի ներկայացուցիչները Սյունիքում համապետական քարոզարշավ են իրականացնում և ամփոփիչ միջոցառման մասին դեռ հստակ որոշում չկա. «Դեռ ծրագիրը մինչև վերջ չկա, այսինքն, որոշել ենք, բայց դեռ պլանավորման փուլում է, այդ պատճառով հիմա չենք հրապարակում»,- ասաց Սամսոնյանը:
«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի հիմնական եզրափակիչ միջոցառումը մարտի 28-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքն էր: Ինչպես տեղեկացրեց դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը, պաշտոնական փակումը դա էր: Դրանից հետո ՕՐՕ-ի ներկայացուցիչները կշարունակեն մինչև մարտի 31-ը փոքր բակային և մարզային հանդիպումներ ունենալ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը հայտնեց, որ որևէ արտառոց միջոցառում չեն նախատեսում. «Մինչև մարտի 31-ը օրենքով սահմանված կարգով քարոզարշավ ենք իրականացնելու թե՛ Երևանի, թե՛ մարզերի տարբեր համայնքներում: Այդպես ենք եզրափակելու քարոզարշավը»,- նշեց Խաչատրյանը:
Ինչպես հայտնեցին Դաշնակցությունից, վաղը ժամը 17:00-ին ՀՅԴ համապետական ցուցակի թեկնածուներ ելույթ կունենան Ազատության հրապարակ, ապա ելույթներին կհետևի համերգ:
Կոմունիստական կուսակցությունը մարտի 30-ին ժամը 17:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում նախատեսում է հաշվետվություն ներկայացնել քարոզարշավի ընթացքում կատարած աշխատանքների մասին: Այս մասին հայտնեց Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարոզչության հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը հայտնեց. «Մենք մեր քարոզարշավն ավարտում ենք մարտի 31-ին գիշերը ժամը 12-ին: Այսինքն, շարունակվելու են բակային փողոցային հանդիպումները տարբեր ռեյտինգային թեկնածուների կողմից»: Նշենք, որ այսօր դաշինքը քարոզարշավի շրջանակներում Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց:
«Հայկական Վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն էլ մարտի 31-ին ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես կգա, տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը: