Քուրդ քաղաքական գործիչը մեղադրել է Թուրքիային, Քաթարին և Սաուդյան Արաբիային սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը խափանել ցանկանալու համար
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) Ֆրանսիայի ներկայացուցիչ Հալիթ Իսան մեղադրել է Թուրքիային, Քաթարին և Սաուդյան Արաբիային սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը խոչընդոտելու համար, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Երբ գերտերությունները սիրիական ճգնաժամի շուրջ խաղաղ քաղաքական լուծում ձեռք բերելու վերաբերյալ որևէ որոշում են ընդունում, միանգամից ակտիվանում են դրան խոչընդոտող տարածաշրջանային ուժերը: Խոսքը գնում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Քատարի մասին», - հայտարարել է Իսան, ով համոզված է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հանդուրժում տվյալ տարածքում բազմակրոն ու բազմաէթնիկ ժողովրդագրական պատկերի պահպանումը:
«Էրդողանն իրեն համարում է «Մահմեդական եղբայրների» խալիֆը: Ուշադրություն դարձրեք եվրոպացիներին ուղղված նրա վերջին հայտարարություններին», - ասել է քուրդ քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։