Փաստեր Շոտլանդիայի լեռնականների ավանդական հագուստի` քիլթի մասին
Քիլթը Շոտլանդիայի լեռնականների ավանդական հագուստի կարևորագույն բաղկացուցիչ մասն է: Կիսաշրջազգեստ հիշեցնող այս հագուստը հնում կարևոր գործառույթ է իրականացրել. դրա նախշի գույնով հնարավոր է եղել պարզել` որ կլանին է պատկանում մարդը: Bigpicture կայքն անդրադարձել է կիլտի պատմությանը` ներկայացնելով մի քանի փաստ դրա մասին:
Քիլթի նախշը` թարթանը, ստեղծվում է տարբեր գույների թելերից հյուսված գործվածքից: Թարթանը որպես կանոն հյուսված է լինում բնական բրդից: Միջին դարերում քիլթի երկարությունը կարող էր հասնել մինչև 7 մետր, և անհրաժեշտության դեպքում դրանով հնարավոր էր փաթաթել ամբողջ մարմինն ու պաշտպանվել ցրտից:
«Թարթան» բառը կելտական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է «տեղանքի գույն»: Ի սկզբանե թարթանները (նախշերը, այլ ոչ թե գործվածքը) պատկանել են երկրի տարբեր մասերում բնակվող 11 շոտլանդական կլանների և ստեղծվել են համապատասխան հերալդիկայի խիստ օրենքների: Հենց այս պատճառով նախշի գույնով հեշտ է եղել որոշել` որտեղից է ժամանել մարդը:
Կլանների գույներից բացի այժմ գոյություն ունեն բազմաթիվ «մասնագիտացված» թարթաններ: Շատ հասարակական կազմակերպություններ և պետական հաստատություններ ունեն իրենց ֆիրմային նախշերը գործվածքների վրա: Դրանից բացի` գոյություն ունեն սգո, որսի, տոնական և այլ տեսակների թարթաններ: