ԱՄՆ-ում կաթվածահար տղամարդը կարողացել է շարժել թևը՝ օգտագործելով մտքի ուժը
ԱՄՆ Քլիվլենդի համալսարանի գիտական թիմը գրանցել է աննախադեպ նվաճում. նրանք թույլ են տվել գլխից ներքև կաթվածահար վիճակում գտնվող տղամարդուն շարժել թևը՝ օգտագործելով մտքի ուժը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, 53-ամյա Բիլ Կոչևարը դժբախտ պատահարի հետևանքով չի կարողանում շարժել վերին և ստորին վերջույթները:
Գիտնականները տղամարդու գլխուղեղի՝ շարժումների համար պատասխանատու հատվածում փոխպատվաստել են դեղահաբի մեծությամբ հատուկ էլեկտրոդներ: Երբ Կոչևարը պատկերացնում է, թե ինչպես է շարժում ձեռքը, այդ էլեկտրոդները գրանցում են ուղեղից ստացվող ազդակներն ու փոխանցում դրանք համակարգչային ինտերֆեյսին, որն էլ իր հերթին ապակոդավորում է ազդակներն ու ակտիվացնում տղամարդու նախաուսի շրջանում տեղադրված զգայակները: Վերջինները հնարավորություն են տալիս թևի ու ձեռքի մկաններին խթանվել՝ ի պատասխան ուղեղից ստացված ազդակների:
«Ես ուղղակի մտածում եմ, թե ինչ եմ ուզում անել, և համակարգը դա անում է իմ փոխարեն: Մտածելու շատ բան չկա, երբ ուզում եմ մի բան անել, ուղեղս անում է իր գործը»,-բրիտանական պարբերականի հետ զրույցում նշել է Կոչևարը:
Չնայած, որ տղամարդը դեռևս բավական դանդաղ է շարժվում, այնուհանդերձ՝ արդեն կարողանում է ինքնուրույն բաժակով ջուր խմել ու պատառաքաղով սնվել: