Առողջապահության կազմակերպիչների միավորումն իր վստահության քվեն կտա ՀՀԿ-ին
Ավելի քան 15 000 անդամ ունեցող «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր վստահության քվեն կտա «Հայաստանի հանրապետական» կուսակցությանը:
Այս մասին «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի խորհրդի նիստում հայտարարեց ՀԿ-ի գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը։ Նիստին մասնակցում էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ Արա Մինասյանը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, նշված ՀԿ-ի համանախագահ Արմեն Չարչյանը, «Սուրբ Աստվածամայր» -ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը և այլք:
«Հավատարիմ մնալով Հայաստանի առողջապահական համակարգի շարունակական զարգացման մեր որդեգրած նպատակներին, հանուն քաղաքացու առողջության պահպանման, առողջ ապրելակերպի արմատավորման և երկրի կայուն զարգացման, կարևորում և ընդունում ենք Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրով առաջարկվող առողջապահական բարեփոխումները և հայտարարում, որ 2017 ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեր վստահության քվեն տալու ենք ՀՀԿ-ին և նրա թեկնածուներին»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը:
«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցրած բժիշկ Արա Բաբլոյանն էլ նշեց, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերի շարքում առողջապահության զարգացման ծրագիրն այլ կուսակցությունների ծրագրի հետ համեմատած համալիր բնույթ է կրում.«Ծրագիրն ընդգրկում է հանրային առողջության, առողջապահության առաջնային պահպանման, հիվանդանոցային ու մասնագիտական բժշկական օգնության, շարունակական զարգացման և բժշկական կրթության, բժշկական ծառայությունների որակի բարելավման, առողջության ապահովագրման և առողջապահության ֆինանսավորման բարեփոխումները: Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար և անվտանգ պետություն: Մենք՝ բժիշկներս, լավ գիտենք, որ ազգաբնակչության առողջության պահպանումը հասարակության զարգացման և ազգային անվտանգության հիմնական երաշխիքներից մեկն է: Մենք մեր կարևոր դերն ու տեղն ունենք մեր պետության կայացման, անվտանգության և առաջընթացի գործում, բայց մենք չենք կարող հասնել մեր նպատակներին, եթե չզարգացնենք ժողովրդավարությունը, մեր տնտեսությունը:»:
Արա Բաբլոյանի խոսքով՝ ՀՀԿ-ն կարողացել է կոտրել կարծրացած մոտեցումները, իրականացնել հստակ քայլեր՝ էլ ավելի զարգացնելու ժողովրդավարությունը և համալրելու իր շարքերը նոր և բանիմաց մարդկանցով:
«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ Արմեն Չարչյանն էլ կոչ արեց քվեարկել խղճի կամոք ու այն ուժի օգտին, ով կարող է կերտել լավ ապագա. «Քվեարկել խղճի կամոք, քվեարկել այն ուժի օգտին, որն այսօր ամենահզորն է, ամենակենսունակն է, և այսօր կարող է կերտել մեր և մեր երեխաների ապագան։ Ըստ իս՝ դա ՀՀԿ-ն է»:
Առողջապահության ազգային ինստիտուտում հավաքված առողջապահության ոլորտի ներկայացուցիչները փաստեցին, որ իրենց գլխավոր խնդիրը ազգաբնակչության առողջության պահպանումն ու ոլորտում առկա խնդիրների լուծումն է, որը նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում է: Ծավալված քննարկման ժամանակ ներկաները փաստեցին, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևոր դեր է տանում առողջապահության համակարգում կոռուպցիոն գործարքների նվազման, համակարգում ֆինանսական հոսքերի ապահովման հարցում։ Բացի դրանից՝ վարչապետը քայլեր է անում առողջապահության ոլորտում ֆինանսավորման ուղիներն առավել թափանցիկ դարձնելու համար: