Թուրքական հայտնի «Անադոլու» լրատվականի 8 աշխատակից ձերբակալվել է գյուլենականների դեմ գործողության ընթացքում
Թուրքական հայտնի «Անադոլու» լրատվական գործակալության 8 աշխատակից ձերբակալվել է Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում իրականացվող անվտանգության հատուկ միջոցառումների և կադրային զտումների շրջանակներում:
Ինչպես հայտնում է թուրքական diken.com.tr կայքը՝ նրանք, ինչպես պարզվել է արված ուսումնասիրությունների ընթացքում, օգտվում են հայտնի ByLock կոդավորված հավելվածից:
Ավելի վաղ Թուրքիայի հետախուզական կոմիտեն հեղաշրջման փորձի գործի շրջանակում Անկարայի հանրապետական դատախազությանն է հանձնել ցուցակ, որում ներկայացված են ByLock կոդավորված հավելվածից օգտված 122.000 անձանց անուններ:
Հետախուզական կոմիտեն 2016թ.-ի հուլիսի 15-ից ի վեր վերծանել է ավելի քան 18 մլն գաղտնի հաղորդագրություն:
Թուրքիայի հետախուզական կոմիտեի պնդմամբ` ByLock-ից Թուրքիայի տարածքում օգտվում են հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցները։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: