Խաղաղության ծրագիրն աշխատում է. Կոնգրես-ՀԺԿ դաշինքն իր համախոհների հետ վերադարձավ Ազատության հրապարակ (տեսանյութ)
20.09
Խաղաղության երթի անցկացումից հետո Կոնգրես-ՀԺԿ դաշինքն իր համախոհների հետ վերադարձավ Ազատության հրապարակ:
Ազատության հրապարակում ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե մի քանի արդյունք գրանցվեց: Դրանցից մեկը, ըստ նրա, այն էր, որ խաղաղության ծրագիրն աշխատում է:
«Խաղաղության ծրագիրն աշխատում է։ Հիշո՞ւմ եք, երբ սկսում էինք, մեր քաղաքական ընդդիմախոսներն ասում էին՝ այս մարդիկ գժվել են, գնում են քաղաքական ինքնասպանության, մենք շատ ավելի լավ կարծիքի էինք մեր ժողովրդի մասին և ճիշտ դուրս եկանք, որովհետև տրամաբանող մարդն այլ բան, քան մեր առաջարկած պլատֆորմը, չի կարող ընդունել»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանը նշեց, թե հաջորդ արդյունքն է, որ ցույց տվեցին, որ իրենք ազատության հրապարակի ծնունդ են և միշտ էլ հավատարիմ են մնալու ազատության հրապարակին:
«Մենք միշտ ժողովրդի առաջ դրել ենք ամենակարևոր հարցերը»,-ասաց նա:
Հաջորդ արդյունքն, ըստ նրա, այն է, որ հրապարակի բազմահազարանոց մարդիկ ապացուցեցին, որ սոցիոլոգիական հարցումները դաշինքի վերաբերյալ սուտ են: Եվ, բացի դրանից, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ քաղաքական իրավիճակը փոխել Հայաստանում:
«Բոլորս միասին համարձակ գնում ենք դեպի հաղթանակ, խաղաղություն և զարգացում»,- ասաց Զուրաբյանը:
___________________
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն Ազատության հրապարակում այսօր նախընտրական հանրահավաք անցկացրեց։
19.05
—————————————
Ազատության հրապարակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական հանրահավաքն ավարտվեց և մեկնարկեց «խաղաղության երթը»:
Մինչ երթը «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց. «Հիշեք այս օրը, մենք ոչ միայն ստիպելու ենք ՀՀ-ի իշխանություններին, այլ ստիպելու ենք նաև Ադրբեջանի իշխանություններին, որ խաղաղություն բերեն Անդրկովկասին։ Հիշեք այս օրը՝ մոտ է լինելու խաղաղության հաստատումը մեր երկրում և տարածաշրջանում»։
Հայտարարվեց, որ երթը կանցկացվի Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով:
19.01
—————————————
Քվեարկելով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի օգտին, քվեարկում եք հանուն խաղաղության, հանուն արդարության և հանուն արժանապատվ կյանքի. Ս. Դեմիրճյան
Մեր երկրում կայուն զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է կարգավորել հակամարտությունները հարևան պետությունների հետ, իհարկե ոչ ի հաշիվ մեր ազգային արժանապատվության և լուծել մեր ներքին խնդիրները։
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ Ազատության հրապարակում հրավիրած նախընտրական հանրահավաք-երթին հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:
«Խաղաղության հաստատման հետ միասին պետք է երկրում հաստատվի արդարության ծրագիր»,-ասաց նա և նշեց, որ դա նշանակում է՝ անցկացնել արդար ընտրություններ, արմատախիլ անել կոռուպցիան և թալանը։
Ստեփան Դեմիրճյանի խոսքով՝ սա չի կարող անել այն իշխանությունը, որի գործունեության հետևանքով երկիրը դատարկվում է, աղքատությունն ավելանում է, արտաքին պարտքն աճում է: Նա նշեց, որ այս վիճակը, ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մի խումբ յուրացնում է իշխանությունը:
«Ընտրությունները կարևոր նշանակություն ուենն մեր երկրի զարգացման համար: Համոզված եմ՝ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի, կտարբերի իրական ծրագրերը դատարկախոսությունից»,-ասաց նա:
Ստեփան Դեմիրճյանը նշեց, թե քվեարկելով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի օգտին`մարդիկ քվեարկում են հանուն խաղաղության, հանուն արդարության և հանուն արժանապատվ կյանքի:
18.51
—————————————
Մեկ տարի առաջ մենք մի փոքր հեղափոխություն արեցինք, հիմա ապրիլի 2-ին իր քվեարկությամբ ժողովուրդը կարող է հեղափոխություն անել. Լ. Զուրաբյան
Ապրիլի 2-ին իր քվեարկությամբ ժողովուրդը կարող է հեղափոխություն իրականացնել երկրում. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ Ազատության հրապարակում հրավիրած նախընտրական հանրահավաք-երթին հայտարարեց դաշինքի պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը:
«Ուստի կոչ եմ անում՝ եկե՛ք ապրիլի 2-ին կատարենք այդ հեղափոխությունը, եկե՛ք և քվեարկե՛ք Կոնգրես և ՀԺԿ դաշինքի օգտին, որպեսզի երկրում հաստատվի ժողովրդավարություն, մեր շուրջ հաստատվի խաղաղություն, որ բացվեն բոլոր ճանապարհները և մենք ազատ առևտուր ունենք աշխարհի բոլոր երկրների հետ՝ ներառյալ մեր հարևանների»,-ասաց նա:
Իսկ մինչ այդ նա հայտարարեց, թե այդ հեղափոխության համար «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը ՀԺԿ-ի հետ միասին արդեն իսկ փոքրիկ, անտեսանելի հեղափոխություն է արել:
«Մեկ տարի առաջ մենք մի փոքր հեղափոխություն արեցինք, որը դեռևս անտեսանելի է։ Եթե հիշում եք, 4+4+4 ձևաչափով Կոնգեսը և ՀԺԿ-ն միջազգային հանրության օգնությամբ պարտադրեցին իշխանություններին ընտրությունների օրինականացման մի շարք մեխանիզմներ հաստատել: Այն ժամանակ շատերը չհասկացան դրա իմաստը և հասանք նրան, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակները ընտրություններից հետո օրինական կհրապարակվեն: Հասանք նրան, որ բոլոր խոշոր տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք կհեռարձակեն ամբողջ ընտրական պրոցեսը ՝ ներառյալ հաշվարկը։ Կտեղադրվեն էլ. սարքավորումներ, որոնք կնույնականացնեն ընտրողներին»,-ասաց նա:
Լևոն Զուրաբյանը նշեց, թե շնորհիվ դրա՝ ընտրատեղամասերում ընդհանրապես ընտրակեղծարարություն հնարավոր չէ անել:
«Այդ փոքրիկ հեղափոխության շնորհիվ այսօր մեր երկրի ճակատագիրը գտնվում է ձեր ձեռքերում, ժողովրդի ձեռքերում»,-ասաց նա:
18.41
—————————————
ՀՀ-ն պետք է գնա խաղաղության ճանապարհով. Արամ Մանուկյան
Այսօր դրական, ոգևորող բաներ եմ ասելու, ոչ մեկի այգին քար չեմ ուզում գցել. հանրահավաքի մեկնարկին ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Ուրախ եմ, որ ՀՀ-ում կան կամք, ուժ ունեցող մարդիկ, որոնք ազատության սիրահարներ են, և մենք դեռ քանի պայքարում ենք ոչ մի փող, ոչ մի կաշառք, ծախված ուսուցիչ ու ստրուկ իրենց կամքը չեն թելադրելու: Քանի մեր կամքը ծով է, մենք ենք այդ հարցի լուծողը»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը նշեց, թե իրենք առաջին անգամ 30 տարվա պայքարի մեջ խաղաղության երթ են անցկացնելու:
«Այն սերունդը, որը հաղթանակ է տարել Ղարաբաղում, որը ընդարձակել է Ղարաբաղը, այսօր ասում է՝ ՀՀ-ն պետք է խաղաղության ճանապարհով գնա, և նրանք ովքեր հաղթանակ են տարել, նրանք էլ կբերեն ՀՀ-ին խաղաղությունը։ Մեր ցանկությունը, մեր կամքն այս առումով անկոտրում է»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը նշեց, թե շատ ասելիք չկա, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթից հետո ոչինչ ասել հնարավոր չէ:
Հավաքվածները վանկարկեցին՝ «Լե-վոն, Լե-վոն»:
«Բոլորս հպարտանում ենք, որ ունենք նման ղեկավար, նման քաղաքական գործիչ, որը համաշխարհային մակարդակի է»,-ասաց Մանուկյանը։
18.30
—————————————
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը Ազատության հրապարակում նախընտրական հանրահավաք է անցկացնում: Հանրահավաքից հետո դաշինքը նախատեսում է նաև «խաղաղության երթ» անցկացնել:
Երթը կանցկացվի Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով։