Ընտրությունների արդյունքում ձևավորվող կառավարությունը պետք է հենվի մի քանի քաղաքական ուժի համաձայնության վրա. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
Ապրիլի 2-ից հետո բոլորս ապրելու ենք նոր Հայաստանում: Այս մասին այսօր նախընտրական քարոզչության շրջանակներում Նոր նորքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Նոր Հայաստանում ենք ապրելու, որովհետև ունենալու ենք նոր որակի իշխանություն: Այն պայմանավորվելու է նոր համակարգով, որը մենք ամրագրեցինք 2015թ.-ի հանրաքվեից հետո: Այդ ժամանակ մենք հեռացրեցինք այն խոչընդոտը, որը թույլ չէր տալիս, որ դուք ընտրության նկատմամբ վստահություն ու հավատ ունենայիք»,- ասաց Ա. Ռուստամյանը:
ՀՅԴ պատգամավորի թեկնածուն նշեց, որ իրենք վերականգնել են քվեի արժեքը, որը իշխանությունը պահելու կամ փոխելու միջոցն է: «Մենք ստեղծել ենք հնարավորություն, որ ով էլ այս ընտրությունների արդյունքում գա հաջողության, կարողանա ձևավորել կառավարություն, իսկ դա, վստահ եմ, մեկ քաղաքական ուժով անելը անհնար ու բացառված, է, արդեն իսկ ձևավորվող կառավարությունը պետք է հենվի մի քանի քաղաքական ուժի համաձայնության վրա, հնարավորություն, որ որոշումների կայացումը մեկ անձից փոխարինվի կոլեգիալ քննարկումների»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը: