Աշխատատեղերի պակաս, թոշակի հարց ու համայնքների խոշորացում. գողթեցիների հարցերը վարչապետին (տեսանյութ)
Աշխատատեղերի պակաս, թոշակի հարց ու համայնքների խոշորացում. գողթեցիների հարցերը վարչապետին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարզային քարոզչության վերջին օրն այցելել էր Կոտայքի մարզի Գողթ համայնք: Համայնքի բնակիչները վարչապետի հետ հանդիպման ժամանակ բարձրացրեցին համայնքին հուզող հարցեր՝ աշխատատեղերի պակասը,կենսաթոշակն ու համայնքների խոշորացման ծրագիրը:
Գողթ համայնքի բնակիչներից մեկը վարչապետին հայտնեց, որ վարդերի ջերմոցում է աշխատել, սակայն աշխատանքից հեռացվել է քաղաքական հայացքների համար. «Համայնքապետի ընտրություններին այս մարդուն (նկատի ունի համայնքապետ Կարեն Գաբրիելյանին, խմբ.) ընտրելու համար ինձ գործից ազատեցին, իսկ իմ որդին Չինարիում է ծառայում, որ իրենք իրենց այստեղ լավ զգան: Այդ ջերմոցում էլ 20 տոկոսն է գողթեցի»:
Կարեն Կարապետյանն ասաց, որ աշխատատեղերն ու պահանջարկն իրար չեն համապատասխանում, եթե նույնիսկ բոլորն էլ գողթեցիներ լինեն, միևնույն է, դժգոհողներ լինելու են.« Փոխանակ ընկնենք այնտեղ ռևիզիա անենք, չնայած ես «ռազբոր» կանեմ՝ դա իրականություն է, թե ոչ, որ քաղաքացին քաղաքական դիրքորոշման համար հեռացվել է գործից, բայց այսպես, թե այնպես դժգոհողներ լինելու են: Պատճառն այն է, որ աշխատողների անհրաժեշտությունը պայմանական 1000 հոգի է, բայց 200 տեղ կա: Պիտի մտածենք նոր աշխատատեղերի մասին: Եթե ինքն անարդար է հանել, մենք դա «ռազբոր» կանենք, բայց եթե վաղը 20-ին ընդունի, էն մյուս 20 -ն է դժգոհելու, որ աշխատատեղ չկա»:
Գողթեցի մյուս բնակչի հարցը վերաբերում էր թոշակին. «Ասենք՝ մարդն իր հողի վրա աշխատել է, սեփականաշնորհել է, դա ստաժ չեն հաշվում, որ մարդը մարդավարի թոշակի գնա»:
Կարեն Կարապետյանն ասաց, որ այդ հարցը լուծվելու է և ի թիվս դրա բազմաթիվ անտրամաբանական հարցեր կան, որոնցից մեկն էլ այն է, որ դպրոցի մանկավարժը սոցիալական փաթեթ ունի, նախադպրոցական հաստատությունում աշխատողը՝ չունի. «Այդ ամբողջը մեր ծրագրում գրել ենք, որ ուղղենք»:
Հաջորդ հարցը վերաբերում էր համայնքների խոշորացմանը։ Բնակիչները խոսում էին այն մասին, որ այդ կերպ խտրական մոտեցում է ցուցաբերվելու:
Վարչապետն՝ ի պատասխան նշեց, որ այժմ կա 927 համայնքապետ, եթե ճիշտ խոշորացնեն համայնքները, ապա 70-80 համայնքապետ են ընտրելու, իսկ 70-80 լավ կառավարիչ ընտրելն ավելի հեշտ է, ավելի հասցեագրված կառավարում է լինելու:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: