Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանի անվան հետ ասոցացվող Թուրքիայի Շիրինջե գյուղը հայտնվել է երկրի ամենագեղեցիկ գյուղերի ցուցակում
Թուրքիայի Իզմիր նահանգի Սելչուկ շրջանի Շիրինջե գյուղը, որի զարգացման մեջ իր ներդրումն է ունեցել պոլսահայ գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանը, մտել է Թուրքիայի ամենագեղեցիկ 7 գյուղերի ցանկը:
Ցուցակը կազմած gazeteduvar.com.tr կայքը նշում է, որ Շիրինջեն հին հունական գյուղ է, որտեղ դեռևս դարեր առաջ զարկ է տրվել ձիթապտղի, կեռասի, նռան և մի շարք այլ մրգերի աճեցմանն ու վերամշակմանը:
Ի դեպ` 2000-ականներին Սևան Նշանյանը նախաձեռնել է Շիրինջե գյուղում զբոսաշրջային նոր կենտրոնների, խաղողի վերամշակման գործարանի և հյուրանոցային համալիրի շինարարությունը: Ավելի ուշ Նշանյանն իր մի շարք համախոհների հետ այստեղ հիմնել է հատուկ դպրոց, որտեղ դասավանդել են համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ: Նշանյանի այս նախագծի շնորհիվ Շիրինջե գյուղը նաև կոչվել է «Մաթեմատիկայի գյուղ»:
Նշենք, որ Սևան Նշանյանը 2013թ.-ի մայիսին դատապարտվել է 13,5 ամսվա ազատազրկման Մուհամեդ մարգարեի հասցեին արված արտահայտությունների համար:
2013թ.-ի դեկտեմբերի 12-ին Նշանյանն ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով դատապարտվել է 3,4 տարվա ազատազրկման:
Ավելի ուշ Նշանյանին մեղադրանք է առաջադրվել «Մշակութային և բնական արժեքների պահպանման» մասին օրենքը խախտելու համար, որի համար նա դատապարտվել է ևս 5 տարի 2 ամիս 15 օր ազատազրկման, ինչպես նաև 12.600 (մոտ 6.000 դոլար) թուրքական լիրա տույժի: