Վրաստանի քաղաքացիության ձեռքբերումը բարդ գործընթաց է, և ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկումը ՀՀ համար սպառնալիք չէ. Շիրակ Թորոսյան
Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիների համար Եվրոպական միությունը սահմանել է առանց վիզային ռեժիմ: Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի՝ միայն կենսաչափական անձնագրով և հետդարձի տոմսով կարող են մեկնել Գերմանիա,Ավստրիա, Բելգիա, Դանիա,Իսպանիա, Էստոնիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Հունաստան, Ֆրանսիա, Սլովենիա, Սլովակիա, Հունգարիա, Ֆինլանդիա, Շվեդիա և Չեխիա: Այս առնչությամբ Tert.am-ը զրուցեց ծնունդով Ջավախքից, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատգամավորության թեկնածու Շիրակ Թորոսյանի հետ:
-Պարո՛ն Թորոսյան, արդյո՞ք Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկումը սպառնալիք է Հայաստանի համար այն առումով, որ ՀՀ քաղաքացիները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից և դիմեն Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար, որպեսզի մեկ տարվա ընթացքում 180 օր Շենգենյան գոտու երկրներում մնալու հնարավորություն ունենան:
-Դա սպառնալիք չէ, որովհետև Վրաստանի քաղաքացիության ձեռքբերումը դյուրին գործընթաց չէ, և շատ մեծ դժվարություններ կան քաղաքացիության ձեռքբերման հարցում: Դա սպառնալիք չէ Հայաստանի համար:
-Պարո՛ն Թորոսյան, դա փաստորեն սպառնալիք չէ այն պատճառով, որ Վրաստանի քաղաքացիության ձեռքբերումը դժվա՞ր է, թե՞ այնուամենայնիվ Հայաստանում էլ, ոչ այդ ժամկետներով, սակայն դժվար չէ մուտքի արտոնագրի ձեռքբերումը:
-Նախ Հայաստանն ավելի սերտ տնտեսական և այլ բնույթի կապեր ունի Ռուսաստանի և ԱՊՀ անդամ երկրների հետ, և Հայաստանի քաղաքացիները դուրս են գալիս այդ ուղղությամբ, հետևաբար մենք այդ ուղղության հետ կապված որևէ խնդիր չունենք: Երկրորդ, Հայաստանի քաղաքացիները ովքեր ցանկանում են մեկնել Շենգեն գոտու երկրներ, հատկապես խիստ ռեժիմներ դրա համար սահմանված չեն: Սովորական ռեժիմ է, ավելին ասեմ՝ դիվանագիտական անձնագրերով քաղաքացիները ոչ մի խնդիր չունեն:
Մյուս կողմից, Վրաստանի քաղաքացիության ձեռքբերման համար ԵՄ-ն որոշակի պարտավորություններ է սահմանել Վրաստանի համար, որպեսզի Վրաստանը չդառնա դեպի ԵՄ տարածք անցանկալի տարրերի սողոսկման միջանցք: Բնականաբար, խոսքը ՀՀ քաղաքացիների մասին չէ: Բայց նաև հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Վրաստանը բարդացնում քաղաքացիության շնորհումը, ավելին, առանց դրա էլ բավականաչափ բարդ էր, հետևաբար նման հոսքի, վտանգի առաջ Հայաստանը կանգնած չէ:
-Կարելի է հաշվի առնել նաև այն գործոնը, որ լեզվի, պատմության քննություն պետք է հանձնեն, և ի թիվս այլ պայմանների, Վրաստանում երկքաղաքացիության մասին օրենք գոյություն չունի:
-Վրաստանը երկքաղաքացիություն չի ընդունում, և ովքեր Վրաստանի քաղաքացիություն են ցանկանում ձեռքբերել, նախ պետք է հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից, որը շատերի համար ընդունելի չէ: Բացի այդ, բարդացված մեխանիզմ է, և խոչընդոտները շատ-շատ են: Ես այսօր չգիտեմ ՀՀ քաղաքացու, որ ցանկանում է գնալ Շենգենյան գոտու երկրներ և չի ստացվել: Նման մարդ չկա, ով շատ է ցանկանում, անպայման գնում է և դրա համար պետք չէ Վրաստանի կամ նման կարգավիճակ ունեցող մեկ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերել։
Նշենք, որ Վրաստանի միգրացիայի հարցերով պետական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիության ձեռք բերման համար պահանջվում է, որ դիմող քաղաքացին լինի չափահաս, վերջին հինգ տարվա ընթացքում որոշակի ժամանակահատվածում բնակված լինի Վրաստանի տարածքում, տիրապետի վրացերեն լեզվին, պատմությանն ու մարդու հիմնարար իրավունքներին, Վրաստանում պետք է ունենա աշխատանք, անշարժ գույք կամ Վրաստանի տարածքում իրականացնի ձեռնարկատիրական գործունեություն, կամ լինի բաժնետեր:
Քաղաքացիության շնորհման հարցերով հանձնաժողովի մոտ պետք է հանձնել վրացերեն լեզվի, պատմության և օրենսդրության քննություն և անցնել սահմանված շեմը: