ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ Բրյուսելում, մարտի 31-ին
ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանն առաջին անգամ մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին հեռախոսով տված ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Թիլերսոնը դաշնակիցների հետ խորհրդակցելու է դաշինքի ընդհանուր հանձնառությունների շուրջ՝ բարելավելու անվտանգության իրավիճակը Ուկրաինայի արևելքում և Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի հարևանների նկատմամբ ագրեսիան, Ուկրաինայի հետ կապված լիարժեքորեն կատարի Մինսկի համաձայնությունները:
Բրյուսելում Թիլերսոնը անդրադառնալու է նաև դաշինքի անդամ երկրների ֆինանսական հատկացումներն ավելացնելու հարցին: Սա կլինի Թիլերսոնի առաջին հանդիպումը Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս 27 գործընկերների հետ:
ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը նախապես պլանավորված էր անցկացնել ապրիլի 5-6-ը, սակայն այդ օրերին Թիլերսոնը չէր կարող մասնակցել հանդիպմանը: Սա որոշ մտահոգություններ էր առաջացրել ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերների շրջանում՝ դաշինքի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հանձնառությունների հետ կապված: Սակայն հանդիպման ժամկետը փոխվեց՝ հնարավորություն տալով, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը մասնակցի դրան: