Մեր տունը մեզանից բացի ոչ ոք չի կառուցելու. վարչապետը՝ Աբովյանում
Մարզային քարոզչության վերջին օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներին:
Կարեն Կարապետյանն ասաց, որ կառավարության թիմն ախտորոշում է արել և որևէ պատճառ չի գտել, որ Հայաստանը զարգացման հնարավորություն չունենա, ներդրումային գրավչություն չունենա:
Այնուհետև Կարեն Կարապետյանին հարցեր առաջադրեցին Աբովյանի բնակիչները։ Բնակիչներից մեկի հարցը վերաբերում էր ատեստավորմանը, համաձայն որի՝ ատեստավորման քննություն է հանձնել, բարձր գնահատականներ է ստացել, սակայն անգամ դատական կարգով իր աշխատանքի ընդունման հարցը չի լուծվում։ Մանկավարժն ասաց, որ այդ հարցով դիմել է վարչապետի օգնականին։ Կարեն Կարապետյանն ասաց, որ անհրաժեշտ է խնդիրը մանրամասն ներկայացնել, որ կարողանան օբյեկտիվ գնահատական տալ։
Վարչապետին ուղղված մյուս հարցը վերաբերում էր Պտղնի համայնքի տրանսպորտային խնդրին. «Ես ձեզ դիմում եմ Պտղնիի ուսանողների անունից։ Բազմաթիվ ուսանողներ կան, սակայն Երևան եկող տրանսպորտ չկա։ Ես լուծման սխեման էլ գիտեմ՝ 13 համարի տրանսպորտը պետք է պարզապես պտտվի ու Պտղնիով գնա։ Դուք մեկ զանգով տրանսպորտի նախարարին ասեք ու այդ հարցը լուծեք»։
Վարչապետն ասաց, որ հարցը գրանցվեց և տեղեկացրեց, որ նոր տրանսպորտային ցանց է մշակվում. «Այդ խնդիրը կա, այժմ տրանսպորտի նախարարությունը ծրագիր է մշակում, այն բաժանվելու փաթեթների, երկարատև պայմանագիր է կնքվելու համապատասխան պայմանների առկայության դեպքում»։
Աբովյանում ԵԿՄ փոխհրամանատարներից մեկն էլ վարչապետին ասաց, որ Աբովյանի աղբանոցում միշտ ծուխ է, բացի այդ իրենք բիզնես ծրագիր ունեն։ Կարեն Կարապետյանն ասաց, որ բիզնես ծրագիրն անպայման ներկայացնեն, որին Կառավարությունը կարձագանքի։
Կարեն Կարապետյանը նաև հարցրեց ներկաներին՝ Աբովյան քաղաքի հնգամյա զարգացման ծրագրին ծանո՞թ են. «Ես ձեզնից ավելի լավ չեմ կարող պատկերացում ունենալ Աբովյանի մասին։ Ոչ մի ամբիոնից չեմ տեսել, որ համայնքների զարգացման հնգամյա ծրագրին շատ ծանոթ լինեն, բայց ամենաշատը դրա մասին եմ խոսել։ Հիմա պատկերացրեք՝ Աբովյանից գա այդ ծրագիրը, իսկ դուք դրան ծանոթ չլինեք։ Ես էլ կարող է մի օր գոհ գամ, որ ներկայացված խնդիրները լուծել եմ։ Գալու եմ՝ հասկանամ, որ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին չեք ասել։ Բազմիցս ասել եմ՝ մեր տունը մեզնից բացի ոչ ոք չի կառուցելու։ Աբովյանի ծրագիրը պիտի Աբովյանից գա։ Քայլ առ քայլ առաջ ենք գնալու, բացի այդ, պետությունը բիզնեսին չպիտի խանգարի, պիտի խթանի»։