Լոնդոնի դատարանում Ուկրաինայի դեմ ՌԴ-ի հայցը կքննարկվի արագացված կարգով
Լոնդոնի բարձր դատարանը չորեքշաբթի հավանության է արժանացրել 3 միլիարդ դոլարի եվրաբոնդերի մասին Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի հայցի արագացված քննարկումը՝ մերժելով ուկրաինական կողմի փաստարկները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատավոր Ուիլյամ Բլերը հայտարարել է, որ դատարանը մանրամասն քննարկել է գործը, բայց հավելել է, որ դա վերջին հաշվով պարտքի վճարման մասին հայց է, որի դեմ, ինչպես որոշել է դատարանը, չկա արդարացված պաշտպանություն:
Այդ իրավիճակում, վճռել է դատավորը, սխալ կլիներ բացել ընդլայնված դատաքննություն, և հայցը կարելի է քննարկել արագացված կարգով:
Դատավորը վճռել է, որ Ուկրաինայի փաստարկները, որոնք կայանում են նրանում, որ Ռուսաստանն իսկզբանե Կիևի վրա քաղաքական ճնշում է գործադրել, իսկ այնուհետև անեքսիայի է ենթարկել Ղրիմը և նպաստել երկրի արևելքում պատերազմի հրահրմանը, վերաբերում են միջազգային իրավունքի և ինքնիշխան պետությունների հարաբերությունների հարցերին:
Այդ պատճառով դատավորը վճռել է, որ դրանք չեն մտնում անգլիական դատարանի լիազորությունների մեջ և չեն կարող ընդունվել:
Ուկրաինան բողոքարկման իրավունք ունի, որից նա, ինչպես սպասվում է, կօգտվի:
Վարկը տրամադրվել է Վիկտոր Յանուկովիչի կառավարությանը Մայդանի ժամանակ, և Ուկրաինան այն համարում է այդ ժամանակ գործող նախագահին տրված քաղաքական կաշառք:
Ուկրաինան ապացուցում էր դատարանում, որ նախևառաջ, վարկը վերցվել է Ռուսաստանի ճնշման տակ, որը փորձում էր հասնել Ուկրաինայի կողմից Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագրից հրաժարման: Բացի այդ, Յանուկովիչի կառավարությունը, համաձայնելով այդ վարկին, խախտել է բյուջեի մասին օրենքը, որտեղ սահմանվել է տարվա կտրվածքով փոխառությունների սահմանափակումը:
Երկրորդ հերթին, Ուկրաինայի տեսանկյունից՝ Ռուսաստանի հետագա գործողությունները՝ Ղրիմի անեքսիան և Ուկրաինայի արևելքում պատերազմի աջակցությունը, Կիևին օրինական հիմքեր են տալիս հրաժարվել վճարումից: