Խաղաղությունը մեր օրվա հացն է. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից ընտրողներին ներկայացված «Խաղաղության» ծրագիրը դրական է ընդունվում հանրության կողմից: Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Սարգսյանը:
Ըստ նրա՝ իրականությանը չեն համապատասխանում «այսպես կոչված քաղաքագետների արձագանքները» իրենց ծրագրի մասին, որովհետև մարդիկ շատ լավ հասկանում ու ընդունում են ծրագիրը:
«Մարդիկ շատ լավ հասկանում են՝ իրականում ինչ է կատարվում, որովհետև իրենց երեխաներն են բանակում»,- հավելեց պատգամավորի թեկնածուն:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «խաղաղությունը» շահարկվում է, տպավորություն է, թե միայն ՀԱԿ-ն է ուզում խաղաղություն, իսկ մյուսները պատերազմ են ուզում, Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում շահարկել, ո՞վ է շահարկում: Հայաստանը պատերազմի մեջ է 98թ.-ից առ այսօր, խաղաղությունը մեր օրվա հացն է, որը մենք ուզում ենք ունենալ, գոյություն չունի խաղաղության թեման շահարկել հասկացություն: Ով չխոսեց այսօր խաղաղության մասին, նա իրականությունը չգիտի: Կարծում եք՝ խաղաղության մասին կարելի է չափից ավելի խոսե՞լ»:
ՀՅԴ-ից պատգամավորի թեկնածու Անահիտ Հարությունյանն էլ իր հերթին ասաց, թե իրենք իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի ու խաղաղության իրական դեմքը, այսօր էլ երկիրը չի դադարել պատերազմի մեջ լինելուց:
«Առաջին հերթին մեզ խաղաղություն է պետք: Բայց, կներեք ընկերներ, ինչում ուզում եք մեղադրեք, բայց գործող իշխանություններին մեղադրել, որ չեն ցանկանում խաղաղություն, չեն հասկանում՝ ինչպես դրան հասնել, մանկապարտեզի խոսակցություն է, ձանձրալի է դառնում: Չի կարելի սպեկուլյացիայի առիթ դարձնել սա»,- շեշտեց Հարությունյանը: