Դուք եք ընտրում համայնքապետին՝ լավ, թե վատ, բզեք, որ աշխատի. վարչապետը՝ աբովյանցիներին
Մարզային քարոզչության վերջին օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում անցկացրեց Աբովյան քաղաքում։ Վարչապետն ընտրողներին ևս մեկ անգամ հորդորեց մասնակցել համայնքային զարգացման հնգամյա ծրագրի կազմմանն ու լուծումներ պահանջել Կառավարությունից։
Ի թիվս այլ հարցերի, Կոտայքի համայնքի բնակիչները համայնքներում մանկապարտեզների հարցը բարձրացրին. «Բալահովիտից եմ, համայնքում մանկապարտեզ չկա։ Այդ հարցը լուծեք, խնդրում եմ»։
Բալահովիտից մեկ այլ բնակիչ էլ ի լրումն հարցի ասաց, որ Աբովյանում վերջին երկու տարվա ընթացքում մանկապարտեզների վարձավճարը թանկացել է, և երեխաների ծնողները վճարում են կրկնակի։
Կարեն Կարապետյանն ասաց, որ կհասկանա խնդիրը և կպատասխանի. «Դիմեք համայնքապետին, մինչ համայնքային իշխանությունը չաշխատի, ապրելու ենք այնպես, ինչպես ապրում ենք։ Կամ չորս տարին մեկ ինձ կամ հաջորդ վարչապետին տեսնելու եք, փորձեք իրեն բռնեք, մի հատ մանկապարտեզի կամ կտուրի հարց լուծեք։ Եթե համայնքային ինստիտուտը, մարզային ինստիտուտը չի աշխատում, երկիրը չի կարող զարգանալ։ Դուք եք ընտրում համայնքապետին՝ լավ, թե վատ։ Բզեք, որ աշխատի, բզեք, թե ինչու այս խնդիրը չես դրել։ Հիմա որ ինձ չհանդիպեիք, ի՞նչ պիտի անեիք»։
Վարչապետն ասաց, որ բնակիչն ընտրում է «նաչալնիկ», ով պետք է կառավարի և նրան էլ պետք է ասել՝ կա՞ խնդիրը ծրագրում, թե ոչ։ Այդ պատճառով է նա անընդհատ խոսում հինգ տարվա ծրագրի մասին. «Որովհետև եթե այդ ծրագիրը չլինի, մենք չենք իմանա՝ որտեղ ինչ անենք։ Մենք պիտի գոնե մի օր գույքագրենք մեր դարդ ու ցավը, հետո մեր լոբիները հաշվենք, հետո՝ համայնքի»։