ՀՀԿ-ն որոշ տեղերում`Շիրակում, Լոռիում և Սյունիքում, ավարտին է հասցրել ցուցակների հետ կապված աշխատանքները
Հայաստանի Հանրապետական կուսակցությունում համամասնական և տարածքային (ռեյտինգային) ցուցակների հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են, շատ տեղերում արդեն դրանք գրեթե հստակեցված են, սակայն տեղեկատվություն կհրապարակվի` համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի:
Այս մասին Tert.am –ին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը` պատասխանելով հարցին, թե ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ ի՞նչ հստակեցումներ կան կուսակցությունում` ռեյտինգային և համամասնական ցուցակների մասով:
Մասնավորապես, պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում արդեն հստակեցումներ արված են, Թադևոսյանը նշեց.
«Շատ տեղերում արդեն հստակեցված է, Ձեր նշած մարզերում այդ աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Մեր կանոնադրության համաձայն`կուսակցության կառույցներից առաջարկներ լսենք, կքննարկենք, կլինեն փոփոխություններ, կհաստատվի, կգա ժամանակը՝ ամեն ինչ կհրապարակենք»,- ասաց ՀՀԿ-ականը:
Նշենք, որ համաձայն այդ ժամանակացույցի` կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում պետք է հրապարակվեն մինչև մարտի 1-ը, իսկ մինչև մարտի 3-ը այդ ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների ու գույքի վերաբերյալ հայտարարագրեր, իսկ նախընտրական քարոզչությունը կսկսվի մարտի 5-ին ու կավարտվի մարտի 31-ին:
Հարցին, թե հատկապես տարածքային ընտրական ցուցակները կազմելիս ՀՀԿ-ն օգտվո՞ւմ է սոցիոլոգիական կազմակերպությունների ծառայություններից, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Տարբեր ֆորմատներով վերլուծում ենք բոլոր արգումենտները իրենց ազդեցության, ռեյտինգի այլ պարամետրերի հետ կապված»:
Սակայն, ինչպես նշեց Ռուբեն Թադևոսյանը,որևէ սոցհարցում, գոնե այս պահի դրությամբ, արված չէ: