«Վերադարձ Հայաստան» հիմնադրամը դիտորդական առաքելություն է իրականացնելու ԱԺ ընտրություններին (տեսանյութ)
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամը ակտիվորեն մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին՝ փորձելով սփյուռքին ներգրավել գործընթացներում։ Tert.am-ի հետ զրուցում հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը նշեց, որ քաղաքականություն մտնելու փորձեր չեն արվելու, ընտրություններում սփյուռքահայերի մասնակցության մշակույթ են փորձելու ձևավորել։
«Կոչ ենք անելու, որ մեր սփյուռքահայ ընկերները գան և մասնակցեն այստեղ ընտրություններին երկու կարգավիճակով ՝եթե ՀՀ քաղաքացիներ են գան ընտրեն, նաև դիտորդական առաքելություն կատարեն»,-մանրամասնեց նա։
Վարդան Մարաշլյանը ընդգծեց, որ պատրաստ են համագործակցել տարբեր նախաձեռնություն իրականացնողներ հետ, այդ թվում Սերժ Թանկյանի և Արսինե Խանջյանի, որոնք ևս հայտարարել են խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու մասին։
«Մենք հիմնականում աջակցում ենք հայրենադարձության գործընթացներին, ունենք հայրենադարձների ցանց, որն ունի 4000 անդամ, տարեկան 1000-1500 կամավոր հայրենդարձ ենք ունենում, մեր գծով 60-70 ընտանիք տեղափոխվում է Հայաստան»:
Վարդան Մարաշլյանը շեշտեց, որ հայրենադարձների թվի վերաբերյալ ստույգ վիճակագրություն չկա, քանի որ ՀՀ-ում հայրենադարձության մասին օրենք չկա, հայրենադարձներին կարգավիճակ չի տրվում, 5 տարի է խորհրդարանում այդ հարցերին վերաբերող նախագիծը չի քննարկվում։ Վարդան Մարաշլյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցելով, սփյուռքահայերը, հայրենադարձները կկարողանան բարձրաձայնել նաև իրենց հուզող հարցերը։
Մանրամասները՝տեսանյութում: