Մադրիդում մտադիր են արգելել ավտոմեքենաների երթևեկությունը քաղաքի գլխավոր փողոցով
Իսպանիայի մայրաքաղաքի իշխանությունները կարող են արգելել ավտոմոբիլային շարժը Մադրիդի գլխավոր Գրան Վիա փողոցով: Այս մասին իսպանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է Մադրիդի քաղաքապետ Մանուելա Կարմենան:
Վերջինիս խոսքով`այս հարցի շուրջ վերջնական որոշում կայացնելու համար մայրաքաղաքային իշխանությունները ցանկանում են հարցում անցկացնել բնակիչների շրջանում: Առաջարկվում է արգելել մասնավոր տրանսպորտի երթևեկությունը Գրան Վիա փողոցով և հատուկ ավտոբուսներ գործարկել ուղևորներին տեղափոխելու համար:
Քաղաքապետի խոսքով`իրենք ուսումնասիրել են բնակիչների արձագանքը տոնական օրերին մեքենաների համար փողոցի փակ լինելուն:
Կարմենայի խոսքով` իշխանությունները մտադիր են շարունակել պայքարել օդի աղտոտվածության դեմ և ցանկանում են առավելագույնս կրճատել դիզելային շարժիչներով մեքենաների գործարկումը քաղաքում:
Գրան Վիան Իսպանիայի ամենահայտնի փողոցն է, որտեղ տեղակայված են տասնյակ խանութներ, որոնց մոտով հազարավոր զբոսաշրջիկներ են քայլում ամեն օր: Փողոցի երկարությունը կազմում է 1300 մետր: