Պետք է պլանավորել աշխատանքի անցնելու առաջին օրերը՝ հետտոնական սթրեսներից դուրս գալու համար. Խաչատուր Մարոզյան
Իրավաբանների և հոգեբանների ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ հետտոնական ստրեսին և նշեց, որ հիմնականում տոներին մարդու կենսունակությունը, աշխատունակությունն ընկնում է, և հետո արդեն իմունիտետի խնդիր է առաջանում:
Նա ասաց, որ մարդ բազմաթիվ սպասելիքներ է ունենում տոն օրերին և բացի արտաքին գործոններից, կան նաև հոգեբանական գործոններ, և հետո արդեն դժվար է կարողանում վերադառնալ նորից աշխատանքային առօրյային, առավել ևս, եթե ունի վարկեր, պարտքեր, որոնք ևս ազդում են ստրեսների առաջացման վրա:
Խաչատուր Մարոզյանը նշեց, որ եթե տոներից առաջ կիսատ թողած գործեր են լինում, դա ևս բացասական է անդրադառնում տրամադրության վրա:
«Աշխատանքի սկսման առաջին օրերը պետք է նախապես պլանավորել և անցնել այդ աշխատանքներին, իսկ երբ մարդ չպլանավորած, հանպատրաստից սկսի աշխատանքը, առաջին օրերը շատ ծանր կանցնեն: Եթե մարդ նախապես գիտի, թե ինչ է անելու առաջին օրը, նա օրվա վերջում հոգեբանական բավարարվածությամբ արդեն դուրս կգա աշխատանքից»,-ասաց նա:
Խաչատուր Մարոզյանը նշեց, որ հատկապես հայերի մոտ տոների սպասելիքները շատ են, հայերը շատ ուշադրություն պահանջող ժողովուրդ են, և այդ տոներին ավելի շատ ուշադրության են արժանանում, ավելի շատ են շփվում միմյանց հետ, պարապուրդի են մատնվում, չեն աշխատում և դրա համար դժվար են վերադառնում աշխատանքի: