ԱՄՆ-ում ձերբակալվել է Volkswagen-ի թոփ մենեջերը. The New York Times
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակելել է Volkswagen ավտոկոնցեռնի մենեջեր Օլիվեր Շմիդտին՝ ամերիկյան իշխանություններին խաբելու նպատակով դավադրության մեղադրանքով: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:
Թերթի տեղեկություններով՝ Volkswagen-ի մենեջերը ձերբակալվել է հունվարի 7-ին, իսկ այժմ նրան տեղափոխում են Դետրոյթ, որտեղ նա կկանգնի դատարանի առաջ: Շմիդտը ղեկավարում էր ավտոկոնցեռնի՝ ԱՄՆ-ում նորմատիվային պահանջները պահպանելու հարցով զբաղվող ստորաբաժանումը 2014-2015 թվականներին:
Համարվում է, որ նա առանցքային դեր է խաղացել արտանետվող գազերի հետ կապված խարդախությունը թաքցնելու գործում:
Ձերբակալության մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին ԱՄՆ իշխանությունների սկսած հետաքննությունների հետևանքով Volkswagen-ը ստիպված է եղել խոստովանել, որ ամբողջ աշխարհում վաճառվել է 11 միլիոն ավտոմեքենա, որոնցում ծրագրային ապահովում է տեղադրված եղել, որը թույլ է տվել փոփոխության ենթարկել բնապահպանական չափանիշներին շարժիչների համապատասխանության վերաբերյալ թեստերի արդյունքները: Իրականում Volkswagen-ի դիզելային ավտոմեքենաների պատճառած աղտոտումը 40 անգամ գերազանցել է թույլատրելի սահմանը:
Սկանդալի պատճառով կոնցեռնը ստիպված է եղել զանգվածաբար հետ կանչել իր մեքենաները եվրոպական շուկայից՝ տեխնիկական խարդախությունները վերացնելու համար: 2016 թվականի հունիսին Volkswagen-ը համաձայնել է ԱՄՆ-ին 14,7 միլիարդ դոլար վճարել պատճառած վնասը փոխհատուցելու համար: